Արտաքին գնահատումը ավագ դպրոցում

Դպրոցական նախկին համակարգում, երբ բոլոր դպրոցները ունեին ավագ դասարաններ և ավագ դասարաններում ուսուցումը կազմակերպվում էր միասնական ծրագրերով արտաքին գնահատման կարևորագույն և ամենապատասխանատու ձևը ավարտական քննություններն էին 6 առարկաներից [այսպես կոչված Ա մակարդակ]: Բոլոր ընդգրկված առարկաները խիստ կարևոր էին և անհրաժեշտ, նույնիսկ պարտադիր: Աշակերտները և ուսուցիչները լավ հասկանում են, որ ընդունելության հետ բոլորովին կապ չունեցող այս քննությունները իրականում գնահատում են դպրոցի արդյունքը և ոչ թե տվյալ աշակերտի հետագա առաջընթացի հնարավորությունը: Այդ պատճառով էլ Ա տարբերակով քննություններին մոտենում են զգուշավորությամբ, բայց առանց պատասխանատվությունից բխող անհանգստության: Պարզապես պետք է աշխատել անբավարար չստանալ:
Այժմ, երբ դպրոցները անցել են ավագ և հիմանական դպրոցների կարգավիճակի, այս քննությունները վերաբերում են միայն ավագ դպրոցներին: Առաջացել է անհրաժեշտություն անդրադառնալ արտաքին գնահատման այս ձևի նպատակահարմարությանը և այն ավելի լավ համապատասխանեցնել ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի և ուսումնական պլանի տրամաբանությանը:
Ավագ դպրոցների ռազմավարության համաձայն և ըստ ուսումնական պլանի կան առարկաների երեք խումբ:
Առաջին խմբում ընդգրկված են խորացված ուսուցման առարկաները: Այս առարկաներից աշակերտները հիմնականում հանձնում են միասնական քննություններ: Կան նաև աշակերտներ, որ ավագ դպրոցում սովորելով իրենց առաջ որպես առաջնային նպատակ չեն դնում համալսարանը ընդունվելը և նրանք խորացված ուսուցման առարկաները որոշելու են հանձնել ավարտական կարգով: Հետևաբար այս առարկաները անհրաժեշտ է ընդգրկել ավարտական քննությունների ցանկում:
Երկրորդ խմբում ընդգրկված են հարակից առարկաները: Այսինքն այն առարկաները, որոնք լրացնում, կամ որպես հիմք են հանդիսանում խորացված ուսուցման առարկաների համար: Այս առարկաները երկուսն են կամ երեքը: Դրանցից ոչ բոլորն են ընդգրկված ավարտական քննությունների ցանկում: Մինչդեռ դրանց ընդգրկումը շատ օգտակար կարող է լինել համալսարանի ընդունող հանձնաժողովի համար, քանի որ պատկերացում է տալիս այն մասին, թե աշակերտը այդ ասռարկաներին ինչպես է տիրապետում:
Երրորդ խմբում ընդգրկված են պարտադիր ուսուցման առարկաները: Այս առարկաներից մի մասը` հայոց լեզու և գարականություն, հայոց պատմություն, ֆիզկուլտուրա ընդգրկված են ավարտական քննությունների ցանկում անկախ հոսքից:
Վերը նշվածից հետևում է, որ տարբեր հոսքերում տարբեր առարկաներն են ընտրվում որպես խորացված ուսուցման և հարակից ուսուցման առարկա և եթե դրանք բոլորն ընդգրկվեն ավարտական քննությունների ցանկում, ապա մենք կվերադառնանք հին համակարգին, կամ ավելի վատ համակարգի: Հետևաբար կարելի է սահմանել, որ աշակերտները հանձնում են ավարտական քննություններ միայն իրենց հոսքի խորացված ուսուցման, հարակից ուսուցման և պարտադիր առարկաներից:
Այս դեպքում բնագիտամաթեմատիկական հոսքում ավարտական քննությունները կլինեն 3+2+3, իսք հումանիտար հոսքում` 4+2+2 հաշվարկով:
Քննությունների թիվը ավելանում է, բայց դրանից ստացվող տեղեկատվությունը դառնում է կիրառելի, օգտագործելի: Տեղեկությունները օգտակար են և դպրոցի արտաքին գնահատման համար և համալսարանի ընդունելությունը կազմակերպողների համար: Աշակերտներն էլ քննություն հանձնում են այն առարկաներից, որոնք իրենք բավարար խորությամբ ուսումնասիրել են, գիտեն և հասկանում են քննության նպատակը և միևնույն ժամանակ քննություն չեն հանձնում այն առարկաներից, որոնք նրանք չեն ուսումնասիրել բավարար խորությամբ:
Եթե նկատի ունենանք, որ 12-րդ դասարանում ուսումնական ծրագրով նախատեսված է ամբողջ երկրորդ կիսամյակը նվրել կրկնողությանը, ապա կարելի է քննաշրջանը սկսել ապրիլ ամսից հարակից և պարտադիր ուսուցման առարկաների քննություններով և ավարտել միասնական քննությունների հետ` խորացված ուսուցման առարկաների քննություններվ:
Ավագ դպրոցի ուսումնական գործընթացը և գնահատումը պետք լինեն տրամաբանորեն իրար հետ կապված, որպեսզի առավելագույն ձևով համապատասխանեն աշակերտների հետագա ուսումնառության կարիքներին: Եթե մենք այստեղ թերանանք, ապա պետական ավագ դպրոցը կզիջի նման կրթական ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններին:

Comments