Ուսուցման որակի համար մեղավոր չճանաչել:

Ուսուցչի աշխատանքի արդյունքը կախված է աշխատանքային գործունեության երեք փուլերի որակից: Ուսուցչի աշխատանքային օրը կարելի է բաժանել երեք փուլերի` դասին նախապատրաստվել, դաս, դասի վերլուծություն: Այս երեք փուլերը իրար հետ խիստ կապակցված են և դժվար է հստակ սահմանել թե դրանցից որն է առաջինը և որը` վերջինը:
Իմ նպատակը այս փուլերի կազմակերպման մանկավարժական հիմնավորումը չէ: Ես ուզում եմ պարզապես ներկայացնել, թե ինչ գործողություններ պետք է որ կատարի ուսուցիչը այս փուլերում, ինչքան ժամանկ նրանից կպահանջվի այդ աշխատանքը կատարելու համար և ինչպիսի որակ կարող է նա ապահովել այսօր պետության կողմից նրան տրված հանձնարարության սահմաններում:
Նախապատրաստական փուլում մեկ դասի համար ուսուցիչը կծախսի առնվազն 30 րոպե:
• դասի պլանավորում 15 րոպե
• գրավոր կամ դասարանական աշխատանքի նախապատրաստում 15 րոպե
• անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, բազմացում
Դաս փուլում մեկ դասի համար ուսուցիչը կծախսի 45 րոպե:
Դասի վերլուծություն փուլում մեկ դասի համար ուսուցիչը կծախսի առնվազն 40 րոպե:
• հետադարձ պլանավորում
• գրավոր աշխատանքի ստուգում 30 րոպե
• աշխատանք դասամատյանի հետ
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում [հնգօրյա աշխատանքային շաբաթ] 20 ժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչը ունի 4 դաս:
1. դաս 4*45[դաս]+3*5[դասամիջոց]=180+15=195
2. վերլուծություն 4*40=160
3. նախապատրաստություն 4*30=120
ընդամենը 475=8 ժամ
Ուրեմն նա օրվա ընթացքում պետք է աշխատի 8 ժամ:
Քանի որ 18 դասաժամից ավելի ծանրաբեռնվածություն ունեցող այն ուսուցչի համար, որը դասղեկ կամ մեթոդական միավորման նախագահ չէ, սահմանվում է շաբաթական 29 ժամ ծանրաբեռնվածություն, ուսուցիչը օրական աշխատում է 6 ժամ:
Նման տարբերություն բացառելու համար պետք է երկրորդ և երրորդ փուլերի տևողությունը սահմանել 280 րոպեից 160 րոպե: Սա նշանակում է, որ
• հետադարձ պլանավորում 4 դաս*5 րոպե=20 րոպե
• գրավոր աշխատանքի ստուգում 1գրավոր*30 րոպե=30 րոպե
• աշխատանք դասամատյանի հետ 4 դաս*2,5 րոպե=10 րոպե
• դասի պլանավորում 4 դաս * 15 րոպե=60 րոպե
• գրավոր կամ դասարանական աշխատանքի նախապատրաստում 2 դաս*15 րոպե=30 րոպե
• անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, բազմացում 4 դաս*2,5 րոպե=10 րոպե
Ուսուցչի դրույքը 22 ժամն է: Մենք հաշվարկները կատարել ենք 20 ժամի համար և անգամ այս հաշվարկներով դասից դուրս ուսուցչի աշխատանքի համար տրվում է շատ քիչ ժամանակ և բնականաբար որակ ապահովելու շատ փոքր հնարավորություն: Ստացվում է, որ դասից դուրս ուսուցիչը ունի միայն գրավոր աշխատանքներ ստուգելու և նոր գրավոր աշխատանքների տեքստերը, գնահատման մեթոդաբանությանը մոտավոր ձևով համապատասխանեցնելով, կազմելու ժամանակ:
Կարող ենք ասել, որ ուսուցիչը տանը կարող է կատարել այն աշխատանքը, ինչը չի հասցնում կատարել դպրոցում: Բայց չի հասցրել ոչ իր մեղքով և լրացուցիչ աշխատանքի համար պետք է վարձատրվի, մյուս կողմից էլ խիստ կասկածելի է ճաշը եփելիու հետ միաժամանակ գրվող դասի պլանի որակը: Այդ դեպքում կամ ճաշը անհամ կստացվի, կամ դասը:
Կա երկու ելք` կամ փոխել ուսուցչի ծանրաբեռնվածությանը ներկայացվող պահանջները և օրվա ընթացքում ուսուցչի ծանրաբեռնվածությունը սահմանել ոչ ավելի քան երեք դաս դրույքը սահմանելով 15 ժամ, կամ ուսուցման ցածր որակի համր ուսուցչին այլևս մեղավոր չհամարել:

Comments