Նորից գնահատման մասին


Գնահատման համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ սովորողների և սովորեցնողների վրա: Արդեն գնահատականը չի դիտարկվում որպես թվանշան: Արդեն դժվարացել է այն աշակերտների գործը, ովքեր մի դաս սովորում էին, այդ սովորածը <տալիս> էին և դրա դիմաց <ստանում> էին գնահատական: Հերթ պահել էլ չի ստացվում, որովհետև միավորների միջինն է որոշիչ:
Բայց սա միայն գնահատման նոր համակարգի վարչական բաղադրիչն է: Մինչդեռ գնահատման համակարգը ունի շատ կարևոր երկրորդ բաղադրիչը՝ ձևավորող գնահատումը: Այս բաղադրիչը մի օր վերը նշված բաղադրիչը կդարձնի ոչ կարևոր, որովհետև կապահովեի գիտելիքի արդյունավետ հաղորդում, իսկ գիտելիք ունեցողներին վերը նշված մանիպուլյացիաները չեն հետաքրքրում:
Ձևավորող գնահատումը դժվարությամբ է մտնում դպրոց: Այն ուսուցիչներից պահանջում է աշխատանքային լուրջ ներդրումներ: Շատ փորձառու ուսուցիչներ այդ աշխատանքը կատարում են, հոգնում են, ուշ են գնում տուն, բայց լուրջ արդյունք են ունենում: Ցավոք շատ փորձառու ուսուցիչները շատ չեն:
Ձևավորող գնահատման համար շատ կարևոր են իրականացման մեթոդները: Քանի որ ձևավորող գնահատման հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչպես են աշակերտները յուրացրել նյութը, ինչպես են կարողանում իրենց գիտելիքները կիրառել և հասել է արդյոք ուսուցիչը իր նպատակին՝ դրանք բազմազան են և հիմնականում համապատասխանում են ուսուցչի դասավանդման սկզբունքներին և ոճին:  
Ուսուցիչները ձևավորող գնահատումը հիմնականում կիրառում են գրավոր աշխատանքների արդյունքների վերլուծությամբ: Շատ հաճախ նրանք պարզապես հաշվում են այս կամ այն միավոր ստացած աշակերտների թիվը և գոհանում, երբ բարձր գնահատականների թիվը գերազանցում է ցածր գնահատականների թվին: Կան նաև ուսուցիչներ, ովքեր վերլուծելով այս գրավոր աշխատանքի արդյունքները համաեմատում են աշակերտների սխալները նախորդ գրավորի սխալների հետ: Ահա այս համեմատությունը գործողություն է ծնում: Նույնիսկ ամենաանտարբեր ուսուցիչը տեսնելով, որ իր աշակերտները նույն սխալներն են թուլ տվել, հաջորդ դասին բացատրում է չհասկացված նյութը: Բայց դրանով չի բավարարվում, որովհետև չի ուզում, որ երրորդ գրավորի ժամանակ երեխաները նորից նույն սխալները թույլ տան: Նա մինչև գրավոր աշխատանքը մի դասարանական աշխատանքի միջոցով պարզում է, թե ինչ չափով են աշակերտները յուրացրել այսօրվա իր բացատրածը: Ահա այստեղ որակ է ծնվում: Գուցե փոքր որակ, բայց որակը թվանշան չի՝ միավոր է: Այն սովորություն ունի գումարվել և փոքր քայլերով մեզ տանում է մեծ հաջողությունների:
Նկարագրված օրինակը շատ հաճախ է մեր աշխատանքում հանդիպում: Այն շատ բարդ չի: Ործես կանոն այս աշխատանքի բարդ մասը այսօր բոլոր ուսուցիչները կատարում են: Եթե նրանք մի քայլ էլ կատարեն և վերլուծությունը տանեն ճիշտ ուղղությամբ, ապա հաջողությունը երկար սպասել չի տա: Նրաց պետք է օգնել: Դպրոցի վարչական կազմը կարող է նման աշխատանքը նախաձեռնել, օգնել, աջակցել, փայփայել և գովել հաջողություններ, թույլ չտալ, որ նոր վառված կրակը մարի: Այդ ճանապարհը կարող է թվալ բարդ, նույնիսկ քարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր: (ՍԵՎԱԿ)



Comments