Բաց դասարան

Հիշում եմ իմ գործընկերներից մեկի խոսքը, որ կանգնելով սարի փեշին նկատում ես, որ տեսադաշտդ մեծացել է: Մի քայլ վերև անելով տեսնում ես, որ այն ավելի մեծացավ: Երբ հասնում ես գագաթին, ապա տեսնում ես թե ինչ մեծ տեսադաշտ ունես: Բայց տեսնում ես նաև, որ քիչ այն կողմի ավելի բարձր սար կա և գիտես, որ նրա գագաթին կանգնելու դեպքում ավելի մեծ տեսադաշտ կունենաս: Բայց որպեսզի հայտնվես այդ նոր սարի գագաթին պետք է իջնես այն սարից, որի վրա հիմա կանգնած ես ու բարձրանաս մի նոր սար: Սա արդեն որոշում կայացնելու խնդիր է:
Այս տարի դպրոցում սկսեցինք մի շատ հետաքրքրիր գործընթաց: Այն դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք տեսնել, թե ուր ենք հասնելու:
Սկսեցինք դասի ընթացքում ինքնուրույն աշխատանքի կազմակերպումից: Ուսումնասիրեցինք ինքնուրույն աշխատանքի կազմակերպման մեթոդներ և սկսեցինք դրանք իրականացնել պատմության դասերին: Երկու շաբաթվա ընթացքում դրանց կիրառումը դարձավ պատմության ուսուցիչների ամենօրյա աշխատանքի մասը: Ուսուցիչները և աշակերտները գնահատեցին այն դրական արդյունքը, որ տվեց և տալիս է ինքնուրույն աշխատանքը: Աշակերտները գնահատեցին այն գիտելիքները, որ ստացել են դասի ընթացքում, երբ ինքնուրույն աշխատանքի ընթացքում կարողացան դրանք կիրառել խնդիրներ լուծելու կամ նոր գիտելիքներ ստանալու համար: Ուսուցիչները գնահատեցին աշակերտների իմացական կարողությունների նշանակությունը: Աշակերտները գնահատեցին իրենց կարողությունը օգտվել տեղեկատվությունից, ձևավորել կարծիք, այդ կարծիքը ներկայացնել ուրիշներին այնպես, որ նրանք հասկանան այնպես, ինչպես ինքն է հասկանում, լսել ուրիշների կարծիքները և համեմատել դրանք իր կարծիքի հետ, որոշում կայացնել, բանակցել, համագործակցել, հաղորդակցվել և այլն: Ուսուցիչները գնահատեցին աշակերտների սոցիալական կարողությունների նշանակությունը: Աշակերտները գնահատեցին աշակերտակենտրոն դասարանում աշակերտի պարտականությունը: 
Ինքնուրույն աշխատանք կազմակերպելու կարողությունը ուսուցիչներին օգնեց ավելի արդյունավետ պլանավորել և կազմակերպել տնային աշխատանքները: Տնային աշխատանքը յուրահատուկ ինքնուրույն աշխատանք է, որը աշակերը արդյունավետ կատարում է, եթե ուսուցիչը այն ճիշտ է պլանավորել, իսկ աշակերտը ունի իմացական և սոցիալական կարողություններ այն կատարելու համար: Այստեղ ուսուցիչները և աշակերտները գնահատեցին ինքնուրույն աշխատանք կազմակերպելու և կատարելու իրենց կարողությունները: 
Մենք կազմակերպեցինք վիրտուալ առարկայական խմբակներ Յամմեր տարածքում: Այդ տարածքից օգտվելու հնարավորություն մեզ տվել է Մայքրոսոֆթ կազմակերպությունը: Յամմերը իր կառուցվածքով և սկզբունքներով քննարկումներ կազմակերպելու համար շատ հարմար վիրտուալ տարածք է, որը ուսուցիչները և աշակերտները հեշտությամբ յուրացրեցին, որոշհետև ունեին սոցիալական ցանցերից օգտվելու փորձ: Այս խմբակներում աշակերտները աշխատում էին դպրոցից դուրս տարածքից, օրվա ցանկացած ժամին: Ուսուցիչները տալիս էին հանձնարարություններ, իսկ աշակերտները իրենց աշխատանքերը ներկայացնում էին օգտագործելով Մայքրքսոֆթի Փաուըրփոյնթ և Մայքրոսոֆթ Միքս ծրագրերը, որը ինտերակտիվ, համագործակցային իրավիճակ էր ստեղծում: Աշակերտները և ուսուցիչները գնահատեցին, որ սովորել ցանկացող և կարողացող մարդու համար այս տարածքը մեծ հնարավորություն է տալիս: 
Այսպիսով մենք (ուսուցիչները և աշակերտները) սովորեցինք
  • կազմակերպել ինքնուրույն աշխատանք
  • կատարել ինքնուրույն աշխատանք
  • կատարել տնային աշխատանք
  • ստեղծել ինտերակտիվ զեկուցումներ
  • հաղորդակցվել և համագործակցել վիրտուալ տարածքում:
Ժամանակը եկավ ինքնուրույն աշխատանքը կատարել վիրտուալ տարածքում: Ստեղծեցինք տարածք դասարանի համար, գրանցենցինք դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին և օգտագործելով Մայքրքսոֆթի Փաուըրփոյնթ և Մայքրոսոֆթ Միքս ծրագրերը սկսեցինք ստեղծել ինտերակտիվ տնային աշխատանքներ աշակերտների համար: Քանի որ աշակերտները իրենք կարողանում էին ստեղծել նման ինտերակտիվ զեկուցումներ, նրանք չդժվարացան օգտվել ուսուցչի ստեղծած դասերից:
Մենք մինչև ուսումնական տարվա վերջ կփորձարկենք այս մոդելը, իսկ հաջորդ ուսումնական տարվանից կսկսենք այն կիրառել ամբողջ դպրոցի համար:
Այնպես որ մենք արդեն առաջին սարի գագաթին ենք հասնում: Գիտենք, թե հետո որ սարն ենք բարձրանալու:

Այս օրինակում դուք կարող եք տեսնել բաց դասարանի առավելությունները ավանդական դասարանի նկատմամաբ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կտեսնեք, թե ինչպե՞ս կարելի է զարգացնել ավանդական դասարանը:

Flipped Classroom
Created by Knewton

Comments