Դպրոցների վարկանիշավորում

Կրթությունը անհրաժեշտ է բոլորիս: Մարդը կյանքի ընթացքում կրթություն ստանում է ինչպես կրթական հաստատություններում, այնպես էլ դրանցից դուրս: Կրթական հաստատության կողմից մատուցված կրթական ծրագիրը ոչ միշտ է հասկանալի կրթություն ստացողին և դա բնական է, որովհետև այդ ծրագիրը հիմնվում է ոչ միայն անձի այլ նաև պետության կարիքի վրա: Ուսումնական հաստատության և համայնքի կողմից պետության կարիքը ոչ միշտ է համարժեք ընկալվում: Հաճախ սովորողը և նրա ծնողը պնդում են, որ այս կամ այն առարկան սովորելը աննպատակահարմար է, իմաստ չունի, բայց իրենց ստիպում են սովորել: Հաճախ կրթական հաստատությունն է դժգոհում, որ առարկայի ծրագրով նախատեսված նյութը կամ դրա ծավալը չի համապատասխանում սովորողի տարիքային առանձնահատկություններին: Այս համաձայնության և անհամաձայնության, գոհ լինելու և դժգոհության, անտարբերության հետևանքը որոշակի վերաբերմունք է ստեղծում ուսումնական հաստատության նկատմամբ: 
Այսպիսի իրավիճակում փորձ է արվում վարկանիշավորել դպրոցը պետության պահանջի տեսանկյունից միայն: Բնական է, որ դպրոցները չեն համակերպվում վարկանիշավորման արդյունքների հետ, իսկ սովորողը և նրա ծնողը անտարբեր են դրա նկատմամբ:
Մայիսի 17-18-ին մասնակցում էի Աղվերանում ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկումներին, որոնք նվիրված էին դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությանը և հասկացա, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Հուսով եմ, որ աշխատանքային խումբը, որը զբաղվում է վարկանիշավորման մեդելավորմամբ, կլինի համառ և արդյունքում կստանա բոլորի կողմից ընդունվող լուծում:

 


Comments