Հեքիաթ ուսուցչին կորցրած մարդու մասին


Մարդու առաջին ուսուցիչը եղել է իր ծնողը։ Ծնողը երեխային սովորեցրել է այն ինչ ինքն է իմացել։ Եվ դա բավական է եղել գոյությունը պաշտպանելու համար։ Երեխաները սովորել են որսորդություն, հավաքչություն, սնունդ պատրաստելու եղանակներ և ապրելու համար անհրաժեշտ այլ հմտություններ։ Գիտելիք քիչ կար։ Կար կյանքի փորձ։ 
Հետագայում կյանքը պահանջեց նոր գիտելիք և հմտություններ, որոնք ծնողները չէին կարող տալ իրենց երեխաներին։ Եվ մարդիկ սկսեցին փնտրել նրանց, ովքեր տիրապետում էին այդ նոր գիտելիքներին և հմտություններին։ Նրանք խնդրեցին սովորեցնել իրենց երեխաներին։ Դրանք առաջին ուսուցիչներին էին։
Կյանքի զարգացման հազարամյա ճանապարհին սովորեցնելը դարձավ գիտություն, մարդիկ կրթվեցին, ստացան բարձրակարգ կրթություն և հանկարծ մտածեցին, որ ապրելու համար ամենաանհրաժեշտ հմտությունները իրենք էլ կարող են տալ իրենց երեխաներին։ Եվ մարդիկ որոշեցին, որ դա բավական կլինի երեխաներին ապրելու համար։ Մարդուն թվաց, որ դպրոցը և ուսուցիչը արդեն անհրաժեշտ չեն։ 
Ծնողները և այլ դասուսույցներ սկսեցին սովորեցնել երեխաներին առանց գիտության, այն առաջին մարդու նման, որը առանց գիտելիք ձևավորելու հմտություն էր սովորեցնում։ Միայն հիմա ոչ թե որսորդություն սովորեցրեցին, այլ թվանշան ստանալ՝ քննություն հանձնել։ Մարդիկ ուրախացան, որ իրենց երեխաները ԲՈՒՀ ընդունվեցին, վճարեցին ուսման վարձ ԲՈՒՀ-ում չսովորելու համար, որովհետև թվանշան ստանալու հմտություն ունեցող սովորողը չուներ բավարար գիտելիք սովորելու համար։ Սովորողները գիտեն թվանշան ստանալ և նրանք կարողացան ավարտել ԲՈՒՀ-ը առանց մասնագիտությանը տիրապետելու։ Բայց նրանք չկարողացան մասնագիտությամբ աշխատել, որովհետև այդ մասնագիտությանը չէին տիրապետում։ 
Եվ մարդիկ որոշեցին ԲՈՒՀ չգնալ և միանգամից գնալ աշխատելու։ Մի մասը կարողացան գտնել մասնագիտական գիտելիքներ չպահանջող աշխատանք։ Բայց քչերը։ Մյուսները աշխատանք չունեցան։
Այդ ժամանակ մարդը որոշեց գտնել նրան, ով իր երեխային մասնագիտական գիտելիքներ կտա։ Եվ վերադարձան ուսուցչի մոտ։ 

Comments