Ավագ դպրոցի խնդիրները 2008-2018


2008 թվականից մինչ օրս ավագ դպրոցները ունեն նույն խնդիրները․

  • աշակերտների թիվը դպրոցում չի ավելանում,
  • դպրոցի բյուջեն սուղ է,
  • ուսուցիչների ծանարբեռնվածությունը ցածր է,
  • ուսուցման որակը անբավարար է։


Ո՞րն է պատճառը։ Ինչու՞ են աշակերտները խուսափում ուսումը ավագ դպրոցում շարունակել։ Նկարագրվում են բազմաթիվ պատճառներ․
  • դպրոցները իրար մոտ են դասավորված,
  • հիմնական դպրոցները կրթության բավարար որակ չեն ապահովում,
  • ավագ դպորցի մասնագետները թույլ են,
  • աշակերտները փնտրում են այնպիսի դպրոցներ, որտեղ սովորելը հեշտ է,
  • գնում են քոլեջ, որ հեշտությամբ ընդունվեն համալսարան,
  • պարապում են։
Բայց այս ամենը հետևանք են։ Կա շատ պարզ պատճառ։ Ավագ դպրոցը իրականում ավագ դպրոց չէ։ Հիմնական դպրոց է, որտեղ սովորում են 14-18 տարեկան աշակերտներ։ Ուսումնական հաստատություն է, որտեղ մեծերը սովորում են փոքրերի համար մշակված կարգերով։ Դպրոց է, որտեղ սովորեցնում են այն, ինչ սովորողը արդեն սովորել է հիմնական դպրոցում և հանձնել է ավարտական քննություն։ Չեն սովորեցնում այն, ինչ աշակերտը ցանկանում է սովորել ավարտելուց հետո աշխատել կարողանալու կամ կրթությունը շարունակելու համար։ Այդ պատճառով նա
  • փնտրում է լավ ուսուցիչ (ավագ դպորցի մասնագետները թույլ են),
  • փնտրում է դպրոց, որտեղ սովորեցնում են այն, ինչ պետք է իմանալ աշխատելու կամ կրթությունը շարունակելու համար (աշակերտները փնտրում են այնպիսի դպրոցներ, որտեղ սովորելը հեշտ է), (գնում են քոլեջ, որ հեշտությամբ ընդունվեն համալսարան),
  • գնում են կրկնուսույցի մոտ, որովհետև սովորում են ավագ դպրոցում, որտեղ սովորեցնում են այն, ինչ սովորողը արդեն սովորել է հիմնական դպրոցում և հանձնել է ավարտական քննություն և չեն սովորեցնում այն, ինչ աշակերտը ցանկանում է սովորել ավարտելուց հետո աշխատել կարողանալու կամ կրթությունը շարունակելու համար (պարապում են)։
Բոլորը գիտեն, որ դա այդպես է, բայց չեն շտապում փոխել վիճակը։ Ինչու՞։
  • Որովհետև կա ավագ դպրոցի ուսպլան, որտեղ ավագ դպրոցի համար նախատեսված են բոլոր հանրակրթական առարկաները, որ կան հիմնական դպրոցի ուսումնական պլանում։ Ինչու՞։ Որովհետև չի կարելի չպահպանել առարկաների ուսուցման շարունակականությունը։  
  • Որովհետև կան առարկայական ծրագրեր, որոնք նախատեսված են 10, 11, 12 դասարանների համար և դրանք դեռ ոչ ոք չի չեղարկել։
  • Որովհետև կան դասագրքեր, որ նորից հրատարակվեցին։
Բայց այլ կարծիք էլ կա։ 
Ավագ դպրոցի հանրակրթական առարկաները (այն առարկաները, որ խորացված չեն) ուսումնասիրվում են շաբաթական 1 կամ 2 ժամով (դասով) և նույն, կամ գրեթե նույն ծրագրով, որով այդ առարկաները ուսումնասիրվել են 5-9-րդ դասարաններում և ավարտվել են ավարտական քննությունով։ Այսինքն աշակերտները սովորում են այն, ինչ իրենք գիտեն։ Այսինքն շարունակականության խնդիր այստեղ չկա։ Կա մտավախություն, որ այն ուսուցիչները, որ պարապում են այդ առարկաները, կորցնելու են իրենց ժամերը։ Իրականում նրանց ժամերը մի կողմից պակասելու են, բայց մյուս կողմից ավելանալու են (խորացված առարկաների ժամերը ավելանալու են) և ոչ մի արդյունք ապահովող ուսուցիչ խնդիր չի ունենալու։ Իսկ արդյունք չապահովողները ոչ թե դուրս կմնան դպրոցից, այլ ստիպված կլինեն ավելի քրտնաջան աշխատել և լավ արդյունք ապահովել։ Դրա համար կամք է պետք, աշխատասիրություն և սովորելու հնարավորություն՝ վերապատրաստումներ։

Սևակն ասում էր․ Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ, 
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր: 
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր: 


Ավագ դպրոցները ստեղծվել են աշակերտների կարիքի և միջազգային փորձի վրա։ 

Կարիքն էր՝ ապահովել այնպիսի կրթություն, որը աշակերտին հնարավորություն կտա դպրոցը ավարտելուց հետո միանգամից մտնել աշխատանքային շուկա կամ շարունակել իր կրթությունը։
  • Դրա համար ավագ դպրոցում աշակերտները պետք է ուսումնասիրեին առավելագույնը 6 առարկա, որից 4 առարկան մասնագիտական առարկաներն են, իսկ 2 առարկան աշակերտները ընտրում են իրենց հետաքրքրություններից ելնելով։ Ավագ դպրոցը աշակերտ-դասարան դպրոց է։ Այսինքն ամեն աշակերտ մի դասարան է։ Այսպես են աշխատում ԱՄՆ և ԵՄ ավագ դպրոցները։ Չկա դասարանի այն տեսակը, որին մենք սովոր ենք և որից չենք կարողանում հրաժարվել, որովհետև մենք վախենում ենք անծանոթ մոդելներից։ Չնայած ընդունում ենք էլիտար մոդելները, որովհետև դրանք էլիտար են և ոչինչ, որ նույնպես շատ անսովոր են։
    Այսպիսով ավագ դպրոցում չկա դասարան, բայց կան առարկայական դասարաններ։ Ամեն աշակերտ ունի իր դասացուցակը։ Այդ դասացուցակը հեշտ է կազմել։ Այդ դասացուցակի աշակերտը ունի 6 դասարան՝ ըստ իր ընտրած առարկաների։ Ամեն դասարան կոմպլեկտավորված է այն աշակերտներից, ովքեր ցանկացել են այդ առարկան ուսումնասիրել՝ անկախ նրանից, որ սովորում են տարբեր հոսքերում։ Այս դեպքում դպրոցը նաև էական միջոցներ է խնայում և չի ունենում թերբեռնված դասարաններ։ Նկարագրված մոդելը ուտոպիա չէ, այլ միջազգային հաջողված փորձ։ Այնքան հաջողված, որ այդ երկրները ըստ TIMMS-ի դասակարգման շատ բարձր ցուցանիշներ ունեն։
  • Աշակերտները դպրոցում պետք է սովորեին այն կոմպետենցիաները, որոնք նկարագրված են առարկայական չափորոշիչների արժեքային համակարգ բաղադրիչում։ Այս բաղադրիչը հիմնականում համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած կոմպետենցիաներին։ Այսօր այդ կոմպետենցիաները զարգացել են։ Սահմանվել են 21-րդ դարի կոմպետենցիաները, որոնք ապահովում են սովորողների իմացական և սոցիալական կարողությունների յուրացումը և նրանց թույլ են տալիս դպրոցն ավարտելուց հետո գտնել աշխատանք կամ շարունակել կրթությունը։ Եվրոպայի Խորհրդի կողմից սահմանվել են ժողովրդավարական մշակույթի ձևավորման 20 կոմպետենցիաները և դրանց 600 դիսկրիպտորները, որոնք շատ կետերով խաչվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և 21-րդ դարի կոմպետենցիաների հետ։ Ահա այս ամենը ավագ դպրոցում չի իրականացվում, որովհետև ուսպլանով ամբողջ ժամաքանակը տրամադրված է անհրաժեշտ և չպահանջված առարկաների տեսությունները յուրացնելու ցածր արդյունավետություն ունեցող գործընթացին։
Ի՞նչ անել։
Իրականացնել ավագ դպրոցների իրական ծրագիրը։
  1. Կայացնել որոշում։
  2. Ստեղծել հեղինակային խումբ, որը կմշակի ավագ դպրոցի նոր ծրագիրը և այս ուստարվանից կսկսի այն իրականացնել։ Իր վրա կվերցնի այդ ծրագիրը իրականացնելու պատասխանատվություն։
  3. Ծրագրին համապատասխան կփոխվի դպրոցի կառուցվածքը և ֆինանսավորման ձևը։
  4. Աջակցություն կստանան այդ դպրոցների ուսուցիչները մասնագիտական զարգացման համար և դրա համապատասխան կատվելցվի նրանց վարձատրության չափը։
  5. Դպրոցում սովորող աշակերտների կիսամյակային ամփոփիչ գնահատումը կկատարվի արտաքին գնահատման միջոցով։
  6. Կիսամյակային արտաքին գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի առարկայի կրեդիտները։
  7. Աշակերտների ընդունելությունը համալսարան կիրականացվի ոչ թե քննություններով, այլ հավաքած կրեդիտների հիման վրա։

Comments