Ո՞վ է գրագետ։ Հին սահմանումները փոխվում են ոչ թե որովհետև սխալ են, այլ որովհետև նոր ժամանակներում նոր պահանջներ են առաջանում









Աշխարհը զարգանում է։ Փոխվում են ապրելու, սովորելու և աշխատելու համար պահանջները։ Արդեն գրագետ չենք համարում այն մարդկանց, ովքեր գրել, կարդալ ու հաշվել գիտեն։ Հիմա այդ մարդիկ 9-10 տարեկան են և շարունակում են սովորել։
Այսպիսի մտքերով ուր ասես կարող ենք հասնել։ Բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այսօրվա իրականությունը։ Իսկ այն այնքան էլ գրագետ չէ։ Վստա՞հ ենք արդյոք, որ այսօր տարրական դպրոցը ավարտող աշակերտները գիտեն գրել, կարդալ և հաշվել։
<<Շունը ..... մտավ ..... տուփի ...... մեջ>։ Ջիմիի դեմքը լարված էր, և նրա ձայնը բարձրացավ և լարվեց: Նա դժվարությամբ արտասանում էր իր առջև դրված գրքի էջում եղած բառերը: Բարեբախտաբար, նյութը դյուրին էր: Նա հասկանում էր նկարազարդումների օգնությամբ, որը օգնում էր վստահ լինել, որ բառերը ճիշտ է ճանաչում:> Սա մի հատված էր Ռալֆ Ս.Ստթեյջերի <Կարդալ սովորեցնելը> գրքից։ Համոզված եմ, որ դուք ճանաչում եք այդպիսի երեխաների և Ջիմիի անունը փոխելով տեքստում այլև ոչինչ փոխելու կարիք չեք ունենա։
Կարո՞ղ ենք այսպես կարդացող երեխաներին միջին դպրոցում սովորեցնել պատմություն, աշխարհագրություն կամ բնագիտական առարկաներ։ Կարո՞ղ է այսպես կարդացող երեխան հասկանալ նշված առարկաների դասագրքերում գրված տեքստը։ Պատասխանը ոչ է։
Ակնկալվում է, որ տարրական դպրոցը ավարտող աշակերտները կարող են գրել որոշակի երկարությամբ հաղորդակցական և ստեղծագործական տեքստեր: Նրանք պետք է կարողանան գրել նկարագրական և պատմողական եղանակով: Այս հմտությունը հիմնական դպրոցում աշակերտներին օգնելու է ներկայացնել իրենց միտքը, պատասխանել տրված հարցին կամ նկարագրել տրված առաջադրանքի արդյունքը։
Ինչպես նկատեցիք, տարրական դպրոցում, սովորելով սովորել, ստանալով գիտելիքներ և հմտություններ սովորելու համար, աշակերտները կարող են հասնել հաջողության հիմնական դպրոցում։ Բայց չեն կարողանում։
Չեն կարողանում, երբ կարդալ և գրել չգիտեն կամ շատ վատ գիտեն։ Ցավոք հիմա դա շատ տարածված խնդիր է։ Կարդալ և գրել կարողացող աշակերտները չեն կարողանում հաջողության հասնել, որովհետև չեն կարողանում կարդացած հատվածի հիմնական գաղափարը նկատել, հասկանալ և ներկայացնել։ Բայց լավ կարդում են և գրում են քիչ սխալներ կատարելով։ Այսինքն այսօր միայն կարդալ և գրել իմանալուն ավելանում է կարդացածը հասկանալ, մեկնաբանել, ստեղծել, հաղորդակցվել կարողանալը։ Փոխվել է գրագետ լինելու սահմանումը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանմամբ գրագիտությունը` ճանաչելու, հասկանալու, մեկնաբանելու, ստեղծելու, հաղորդակցվելու և հաշվարկելու կարողություն է՝ տարբեր ենթատեքստի տպագիր և գրավոր նյութեր օգտագործելով: Գրագիտությունը հնարավորություն է տալիս անհատներին շարունակել ուսումը, որը նրանց հնարավորություն է տալիս հասնել իրենց նպատակներին, զարգացնել իրենց գիտելիքները, ներուժը և լիարժեք մասնակցություն ունենալ իրենց համայնքի և ավելի լայն հասարակության կյանքում (ՅՈՒՆԵՍԿՕ, 2004; 2017):
Ո՞վ է գրագետ։ Հին սահմանումները փոխվում են ոչ թե որովհետև սխալ են, այլ որովհետև նոր ժամանակներում նոր պահանջներ են առաջանում։ ԵՎ մենք պետք է հետևենք այդ փոփոխություններին, ժամանակին կատարենք լրացումներ մեր ռազմավարության մեջ։ Մենք՝ ուսուցիչներս։



Comments