Բաց դաս՝ նվիրված Բաքվում հայկական ջարդերի 20—ամյա տարելիցին

14.03.2010
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն վարեցին Արմեն Աշոտյանն ու Վահան Հովհաննիսյանը

Հանրապետության հանրակրթական հաստատություններում հունվարի 13—19—ն անցկացվում են Բաքվում հայկական ջարդերի 20—ամյա տարելիցին նվիրված բաց դասեր։ Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի 11—րդ դասարանում այդ թեմայով բաց դասը վարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նախարարը նախքան դասին անցնելը աշակերտներից փորձեց ճշտել, թե ինչ գիտեն Բաքու քաղաքի մասին, այնուհետեւ պատմեց անցած դարասկզբին Ադրբեջանի մայրաքաղաքի դերի եւ ունեցած նշանակության մասին խորհրդային տարիներից առաջ, ընթացքում եւ հետո։
Նշվեց, որ Բաքու քաղաքի զարգացման ու բարգավաճման գործում մեծ դեր են ունեցել քաղաքում ապրող հայերը, ովքեր կազմել են քաղաքի բնակչության 2/3 մասը։ Նախարարն առանձնարեց նաեւ այն հանգամանքը, որ դեպի եվրոպական երկրներ Բաքվից առաջին նավթամուղը կառուցել են հայերը։
Ա. Աշոտյանը հիշեցրեց, որ հայկական ջարդերը Բաքվում սկսել են դեռեւս 1905—1906 թթ., այնուհետեւ շարունակվել 1918—ին։ Հայ բնակչության նկատմամբ 1988—1989 թթ. կրկին հալածանքներ են սկսվել, որոնք նախերգանքն էին 1990 թ—ի համատարած ջարդերի։ «Հունվարի 13–ի գիշերը ջարդերի կազմակերպիչները տեղի այն ժամանակվա ոստիկանության եւ թաղային մարմինների աջակցությամբ փողոց առ փողոց, շենք առ շենք ունենալով հայկական ընտանիքների հասցեները, անխնա կոտորում էին նրանց։
Բաքվում ապրող 230 հազար հայերից 1990թ. մնացել էին միայն 30 հազարը, ովքեր հիմնականում ծեր եւ խնամքի կարիք ունեցող բնակիչներն էին, ովքեր ջարդերի կազմակերպիչների «հոգացությամբ» մահվան դատապարտվեցին»,–ասաց նա։
ԿԳ նախարարը հիշեցրեց նաեւ աշխարհի չեմպիոն, շախմատի մեծ վարպետ, արմատներով հայ եւ հրեա Գարի Կասպարովին, ով եւս Բաքվի հայկական ջարդերի ժամանակ քաղաքում է եղել՝ ջանալով ընտանիքը դուրս բերել Ադրբեջանից։ «Եթե մինչ ջարդերը Կասպարովն իրեն ներկայացնում էր որպես բաքվեցի, ապա դրանից հետո նա հայտարարել է, որ այլեւս այդպիսի քաղաք չի ճանաչում»,–նշեց նախարարը։
Ա. Աշոտյանը պատանիներին կոչ արեց չմոռանալով պատմությունը՝ դաս քաղել նման տխուր էջերից։ «Այս ամենից պարզ է դառնում, որ հայերը Ադրբեջանում ապրել չեն կարող, ավելին՝ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պետության կազմում չի կարող լինել։
Մեր փրկությունը մեր բռունցքի, ուժի եւ խելքի մեջ է։ Մեզնից լավ ոչ ոք չի կարող մեր շահերը պաշտպանել։ Մենք պետք է համախմբված եւ միասնաբար գործենք ու այլեւս նման ջարդեր չտեսնենք»,–ընդգծեց նա։
Նույն դպրոցի 10—րդ դասարանի պատմության բաց դասը վարեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ, ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը երբեք իրենց փախստականների հարցը միջազգային ասպարեզում չեն առեւտրայնացրել։ Ադրբեջանական պետությունը ամենուր եւ ամեն պատեհ, անպատեհ առիթի նշում է, որ 1 մլն փախստականներ առանց կացարանի են մնացել, սակայն երբեք չի նշում, որ այդ փախստականները միայն ադրբեջանցիներ չեն։
Մինչդեռ նույն փախստական դարձած մարդկանց մեջ են մտնում նաեւ հայ բնակիչները, ովքեր հենց Ադրբեջանում բռնության ենթարկված եւ այդ երկրից հեռացած մարդիկ են։ «Ադրբեջանը շատ ինքնատիպ կերպով եւ մեծ հմտությամբ կարողանում է աշխարհին ողբերգական եղանակով ներկայացնել փախստականների հարցը, եւ միշտ տպավորությունն այնպիսին է, որ վերջիններս միայն ադրբեջանցիներ են»,–ավելացրեց նա։
ԱԺ պատգամավորն այս ամենից հետեւություն անելով՝ ընդգծեց երկու կարեւոր հանգամանք. նախ՝ հայկական դիվանագիտությունը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը, եւ երկրորդ՝ հայ փախստականների հատուցման հարցը պետք է լուծվի ազատագրված շրջանների հաշվին։
«Ադրբեջանի հետ ունեցած հարցում մենք գործ ունենք պատերազմի պատճառների հետ, իսկ ադրբեջանցիները փորձում են վերացնել պատերազմի հետեւանքները։ Սրանք միմյանցից շատ տարբեր հարթություններ են»,–ավելացրեց Վ. Հովհաննիսյանը։ Նա նշեց նաեւ, որ Հայաստանը ղարաբաղյան հարցում ոչ մի միակողմանի զիջման պատրաստ չէ եւ չի գնալու, ավելին՝ Ադրբեջանը երբեք մատչելի կերպով չի ասում՝ ինչն է ինքը զիջելու, նա միայն իր տարածքային ամբողջականության մասին է խոսում։
«Մենք այս հայրենիքից բացի ուրիշ բան չունենք, այս հողից զրկվելու իրավունք չունենք։ Ուրեմն պետք է ապրենք այնպես, որ ցանկացած հակառակորդ հասկանա՝ «հայ ժողովրդի հետ գործ չունենք»։
Մենք պետք է լինենք ուժեղ եւ պատրաստ՝ ցանկացած պատերազմի, քանզի պատերազմի պատրաստ ժողովորդը ապահովում է իր խաղաղությունը»,–ավելացրեց նա՝ հիշեցնելով հայտնի ասույթը՝ «Ուզում ես խաղաղ ապրել, պատրաստվիր պատերազմի»։
Վ. Հովհաննսիյանը եւս կարծիք հայտնեց, որ այս ամենից հետո հայերը ոչ մի դեպքում ու պարագայում չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում։
Լուսանկարում՝ Ստեփան Շահումյանի հուշարձանը Բաքվում։
19-01-2010
Հայաստանի Հանրապետություն

Comments