Զեկուցում «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներ` «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով:
Մարտի 9-ին, 2010թ.:

Հարգելի գործընկերներ

Ավագ դպրոցի հիմնախնդիրը վաղուց էր բարձրացվել մեր հասարակության կողմից: Ծնողները ցանկանում էին իրենց երեխաների համար ապահովել նախաբուհական կրթություն, որը սովետական կառուցվածքի դպրոցում հնարավոր չէր իրականացնել:
Կար պատվեր և ստեղծվեցին այդ պատվերը կատարող ինստիտուտներ` դասուսույցներ, հետո մասնավոր դպրոցներ և հենակետային վարժարաններ:
Այսօր կառավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել, և փոխելով դպրոցի կառուցվածքը «Հանրակրթության մասին օրենքով» ստեղծել է առանձնացված ավագ դպրոց: Այս դպրոցը կարող է և արդեն կատարում է հասարակության պատվերը` ապահովում է նախահամալսարանական կրթություն:
Առաջին արդյունքներն են. ա. աշակերտները չեն բացակայում, չեն խուսափում դասերից, բ. փոխվել է և սովորելու և սովորեցնելու գործընթացը` կա սովորող աշակերտ և սովորեցնող ուսուցիչ, կա ծրագիր և դասագիրք: Կա նաև արտաքին գնահատման արդյունք, որը առաջընթաց է ցույց տալիս: Ցավոք ավագ դպրոցում իրականացված գիտելիքների ստուգումը նույն սկզբունքով չիրականացվեց դեռևս չառանձնացված ավագ դպրոցներում, որպեսզի այսօր կարելի լիներ կատարել համեմատություններ:
Ավագ դպրոցների ստեղծմանը դեմ արտահայտվողները խոսում են դասուսույցների ինստիտուտի անհաղթահարելի արգելքի մասին և պնդում, որ աշակերտները միևնույն է պարապելու են ԲՈՒՀ ընդունվելու համար: Սակայն նրանք մոռանում են այն աշակերտներին, ովքեր չեն պարապում, որովհետև դրա կարիքը չեն զգում կամ նրանց ծնողները միջոցներ չունեն: Այս աշակերտների համար ավագ դպրոցը իրենց կրթությունը շարունակելու լավագույն հնարավորությունն է: Ավագ դպրոցների ստեղծման երկրորդ տարում պակասել են մասնավոր պարապող աշակերտների թիվը և ավագ դպրոցների ներդրման և ընդունելության համակարգի բարեփոխման շնորհիվ:
Կան նաև լուրջ հիմնախնդիրներ:
Ավագ դպրոցի ֆինանսավորումը հաշվի չի առնում ավագ դպրոցի առջև դրված խնդիրները և չի համապատասխանում ավագ դպրոցի նվազագույն պահանջներին: Աշակերտ թվով ֆինանսավորումը չի կարող բավարարել ավագ դպրոցների պահանջները, քանի որ ավագ դպրոցը չի կատարում ստանդարտացված պետական և հասարակական պատվեր: Ավագ դպրոցը իրականացնում է ուսումնական ծրագիր, որը հիմնված է նաև աշակերտի ընտրության վրա, իսկ աշակերտը լուրջ պահանջներ է ներկայացնում: Սովորականից շատ կիսվում են դասարանները, լաբորատորիաները, կաբինետները պահանջում են ավելի լուրջ կահավորում և մեծ ծավալով գրենական պիտույքներ, ուսուցմանը աջակցող նյութեր: Ավագ դպրոցները ծրագրի շրջանակներում ստացել են տասական համակարգիչ, որը չի բավարարում անգամ կիսված դասարանի պահանջը, չեմ ասում, որ առարկայական կաբինետներում չկա և ոչ մի համակարգիչ: Մինչդեռ բնագիտության փորձերը աշխարհում արդեն կատարվում են ՏՀՏ-հենքի վրա ստեղծված լաբորատոր սարքերով: Աշակերտների պահանջները ուղղված են նաև հիմնական դպրոցին: Բացի ֆինանսական խնդիրներից ավագ դպրոցը ունի նախնական գիտելիքների որակի խնդիր: Եվ այսօր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով ավագ դպրոցի վրա մենք կորցնում ենք ավագ դպրոցի ստրատեգիական գործընկերոջը` հիմնական դպրոցի որակը: Շատ կարևոր է աջակցել հիմնական դպրոցին: Կարևորագույն խնդիր է ապահովել ավագ դպրոցների և հիմնական դպրոցների համագործակցությունը: Այսօր մենք ոխերիմ բարեկամներ ենք, իսկ այդ կարգավիճակը ավագ դպրոցների տնօրեններին չի բավարարում: Մենք և կարծում եմ նաև ծնողները շահագրգռված են ոչ միայն հիմնական դպրոցի տված գիտելիքի որակով, այլև երեխաներին տրվող մասնագիտական կողմնորոշմամբ: Նման փորձառություն մենք չունենք և այս աշխատանքի իրականացման մեթոդիկայի ստեղծման կարիք կա: Հիմնական դպրոցի հետ համագործակցելով մենք կարող ենք լուծել նաև կադրային խնդիր` խուսափել մանկավարժների կրճատումներից մի կողմից և հիմնական դպրոցից ավագ դպրոց մանկավարժների տեղաշարժից, որի հետևանքը կարող է լինել հիմնական դպրոցը որակյալ կադրերից զրկելը, կամ այդ որակյալ կադրերը ավագ դպրոց բերել չկարողանալը: Չէ որ կան նաև մանկավարժներ, որ գերադասում են մնալ և իրենց աշխատանքը շարունակել հիմնական դպրոցում: Մեր երրորդ հիմնախնդիրը անհավասար մրցակցությունն է: Հայաստանի Հանրապետությունում կան ուսումնական հաստատություններ, որ իրականացնում են ավագ դպրոցի ծրագիր, բայց ունեն էական արտոնություններ` մասնավոր դպրոցները, հենակետային վարժարանները, մասնագիտացված քոլեջները ունեն այլընտրանքային ուսումնական պլաններ, հարցազրույցով բուհ ընդունվելու արտոնություններ: Մեր լուրջ մրցակիցն են ուսումնարանները, որտեղ ուսումնառությունը ոչ թե եռամյա է, ինչպես ավագ դպրոցում, այլ երկամյա, ավելի թեթև ուսումնական և դասացուցակային ծանրաբեռնվածությամբ, բայց միասնական քննություններին մասնակցելու հավասար իրավունքով: Մենք չենք առաջարկում սահմանափակել այս հաստատությունների իրավունքները, մենք պահանջում ենք հավասար իրավունքներ:
Ստեղծելով ավագ դպրոց, տալով պետական պատվեր պետությունը պետք է աջակցի ավագ դպրոցին և ոչ թե կանգնեցնի փորձությունների առաջ: Մենք ունենք բավարար պոտենցիալ և կամք մեր առջև դրված խնդիրները իրականացնելու համար:

Comments