ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Ինչ է սահմանադրությունը ապագա քաղաքացու համար: Ինչպես է աշակերտը պատկերացնում սահմանադրությունը: Ինչպես է դպրոցական ծրագրում աշակերտին ներկայացվում սահմանադրությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:
Այս սահմանման առաջին մասն է, որ ամենամեծ տարածումն ունի: Մինչդեռ երկրորդ հատվածը ոչ պակաս կարևոր է: Հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքներն են հիմք հանդիսանում օրենքները հարգելու և դրանց պահանջները կատարելու համար: Այս սկզբունքները ճանաչող, ընդունող և դրանց հետևող մարդն է, որ կարող է իրեն համարել քաղքացի: 
Սահմանդրությունը ապահովում է և պաշտպանում քաղաքացիների իրավունքները և ազատությունները: Սահմանադրությունը սահմանում է ուժի կիրառումը, փոխանցումը և սահմանափակումը: Սահմանադրությունը մարդկային արժանապատվության ընդհանուր հայեցակարգ է: Սահմանդրությունը տալով ազատություններ առաջացնում է կենտրոնախույս շարժումներ հասարակության մեջ, բայց միևնույն ժամանակ նպաստում է հասարակության համախմբմանը՝ հակակշռելով կենտրոնախույս ուժերին:
Դպրոցում իրականացվող ուսուցման ընթացքում հաշվի են առնվել սահմանադրության այս երկու բաղադրիչները: Աշակերտները ծանոթանում են սահմանադրությանը և օրենքներին հենց իրավունքի տեսանկյունից: Նրանք սովորում են պետության կառուցվածքը և իշխանության տարբեր ճյուղերի հակակշիռները: Սահմանադրական գիտելիքների հաղորդումը շատ ձանձրալի է աշակերտների համար, եթե չկա գործնական աշխատանք, եթե աշակերտը չի կարողանում այդ գիտելիքները <փորձարկել> դերային խաղերի ժամանակ և կիրառել դպրոցում՝ իրական կյանքում: Սահմանադրական գիտելիքները հետաքրքրում են աշակերտին կոնտեքստի մեջ, իրեն ծանոթ իրավիճակում: 
Մյուս կողմից, արդեն ոչ միայն հասարակագիտական առարկաների դասերին, նրանք սովորում են քաղաքացիություն: Սա նաև դպրոցի դաստիարակչական գործունեության կարևոր առանցքն է: Դպրոցում ոչ միայն սովորեցնում են քաղաքացիություն, այլ նաև դաստիարակում են քաղաքացիներ: Այստեղ է, որ մեծ կարևորություն է ստանում դպրոցում քաղաքացիական կրթությունը: Ինչպիսին կլինի դպրոցում քաղաքացիական դաստիարակությունը, կախված է դպրոցի վարչական կազմի, ուսուցչի և երեխայի ծնողի այդ մասին ունեցած պատկերացումներից:
Իր ամենատարածված բնորոշմամբ, «Քաղաքացիական կրթություն» նշանակում է բոլոր այն գործընթացները, որոնք ազդում են մարդկանց՝ որպես համայնքի անդամների կամ ապագա անդամների համոզմունքների, պարտավորությունների, կարողությունների և գործողությունների վրա: 
Քաղաքացիական կրթություը չի իրականացվում միայն դպրոցում: Քաղաքացիական կրթությունը ուսուցանվում է ընտանիքում, դպրոցում, պետության մյուս օղակներում, լրատվության և կրոնի միջոցով: Բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի միջոցով է հնարավոր դաստիարակել քաղաքացի:

Comments