Դասերի, վերապատրաստումների տեսագրությունը և հեռարձակումը

Դասերի տեսագրությունը ուսուցչի աշխատանքի վերլուծության նպատակով 

Ուսուցչի մասնագիտական զարգացման հիմնական նպատակներից մեկը նրա մոտ սեփական դասը վերլուծելու և գնահատելու կարողության ձևավորումն է: Դասալսման քննարկման ընթացքում, դասը լսած մասնագետը, դասի ընթացքի նկարագրմամբ խթանում է իր և ուսուցչի, մյուս ներկաների միջև քննարկում, որի նպատակն է ուսուցչի մոտ ձևավորել դասի ընթացքի մասին ամբողջական պատկեր: Այս պատկերը տարբերվում է մինչև քննարկումը ուսուցչի ունեցած պատկերացումից, որը հիմնված էր դասի իր մեկնաբանության վրա միայն: Այս տարբերությունը առաջացնում է բուռն քննարկումներ դասի վերլուծության ժամանակ, որովհետև կարծիքները հիմնված են լինում ոչ միայն տեսանելի, այլև <անտեսանելի> հանգամանքների վրա: Հաճախ, դասը լսողի մոտ, անկողմնակալ և մասնագիտական քննարկումները հանգեցնում են եզրակացությունների, որոնք տարբեր են իրավիճակի դիտարկման հիման վրա ձևավորված առաջին կարծիքից և հիմնված են լրացուցիչ դիտարկման վրա: Լրացուցիչ դիտարկումները դասը պարապող ուսուցչի, այլ դասալսողների դիտարկումներն են: Հասկանալի է, որ նման լրացուցիչ դիտարկումները խիստ անձնական են:
Այս խնդիրը լուծելու համար մենք կիրառեցինք դասերի տեսագրումը՝ ուսուցչի աշխատանքի վերլուծության նպատակով: Տեսագրությունները կատարվում են միայն հետազոտության ընթացքում և հետազոտության համար ընտրված նպատակից ելնելով: Նպատակից ելնելով կարող է տեսագրվել ուսուցչի աշխատանքը, դասարանի աշխատանքը, կոնկրետ աշակերտի աշխատանքը, ետ մնացող աշակերտների աշխատանքը և այլն: Տեսագրումները հնարավորություն են տալիս ուսուցչին դիտելու իր դասը այլ տեսանկյունից, տեսնել այն, ինչ հնարավոր չէ տեսնել դասի <ներսից>: Դասը՝ տեսագրությունը լսելուց առաջ ուսուցչի մեկնաբանությունները որոշակի պարզաբանումներ են լինում դասալսման ժամանակ առաջացող հնարավոր հարցերի համար: Դասը լսող մասնագետները կարող են մի քանի անգամ վերանայելով այս կամ այն դրվագը հանգամանալի վերլուծել այն և մշակել խնդրի հաղթահարման առավել արդյունավետ մեխանիզմ:
Նման տեսագրությունների դրվագներ կարող են դպրոցի համար դառնալ ուսումնական օրինակներ՝ մասնագիտական զարգացման դասընթացների ժամանակ:
Տեսագրությունները քննարկումից հետո կարող են պահպանվել միայն դրվագներով: Ամբողջությամբ դասը պահպանելը աննպատակահարմար է մեծ ծավալի և էթիկական տեսանկյունից, որովհետև չհաջողված դրվագներ պատահում են բոլորի մոտ, դրանք կարող են ունենալ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ և չեն կարող դիտարկվել որպես օրինաչափություն: Մյուս կողմից տեսագրությունները մասնագիտական զարգացման և ոչ թե պատիժ իրականացնելու նպատակ ունեն: Այս հանգամանքը խիստ կարևոր է մեծահասակների մասնագիտական զարգացման իրականացման տեսանկյունից:

Դասերի տեսագրությունը և հեռարձակումը ուսուցման կազմակերպման նպատակով

Դասի տեսագրությունը օգտակար է նաև ուսուցման կազմակերպման ժամանակ: Տեսագրությունը դպրոցի կայքում տեղադրելով մենք աշակերտներին հնարավորություն ենք տալիս բազմաթիվ անգամ վերանայել դասը: Սա շատ օգտակար ռեսուրս է նաև ինքնակրթությամբ զբաղվողների համար:
Նման դասերի կազմակերպումը և տեսագրումը չի կատարվում դասի ընթացքում: Այն պլանավորվումէ և առանձին տեսագրվում: Տեսագրությանը զուգահեռ տրվում է նաև լրացուցիչ գրականություն ընթերցելու համար և առաջադրանքների տեքստը, որ պետք է կատարեն սովորողները դասի ընթացքում: Առանձին նաև տրվում է ավտոմատ գնահատվող թեստ, որը կատարելով սովորողը կարողանում է հասկանալ նյութի յուրցման փաստը:
Դասարանում իրականացվող դասը կարող է նաև համաժամանակյա հեռարձակվել համացանցի միջոցով և ուսուցիչը կարող է նույն դասը միաժամանակ պարապել տարբեր դպրոցների երկու կամ երեք դասարանների համար: Նման դասերը օգտակար կլինեն հատկապես մարզային դպրոցների համար, որտեղ հաճախ մասնագետ չլինելու պատճառով առարկան դասավանդում է ոչ մասնագետը:

Վերապատրաստումների տեսագրությունը և հեռարձակումը ուսուցման կազմակերպման նպատակով 

Այսօր ուսուցիչների և վարչական աշխատողների վերապատրաստման համար ստեղծվել են նոր հնարավորություններ: Վերապատրաստումները կարելի է կազմակերպել օգտագործելով վերը նշված եղանակները մի կենտրոնից հանրապետության և սփյուռքի մանակավարժական աշխատողների համար:

Comments