ՆԴՎ նպատակը, բովանդակությունը, ծավալը
8-րդ կետում Դուք ընտրել եք հետևյալ աշխատանքը․
«10-րդ և 11-րդ դասարանների հոսքերում նպատակային առարկաներից գրավոր աշխատանքների անցկացում՝ ուսուցիչների աշխատանքի և դասավանդման որակի ստուգման նպատակով»։
Այս աշխատանքի հիմնական խնդիրը չափազանց լայն ձևակերպումն է։ Իրականում սա քննադատելի մոտեցում է, որովհետև յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ ունի թեմատիկ պլան, որտեղ ամփոփիչ աշխատանքների ժամերը արդեն նախատեսված են։ Եթե տնօրենը որոշում է լրացուցիչ գրավոր աշխատանք անցկացնել տնօրինության կողմից, պետք է հստակ հասկանալ՝ երբ, ինչ հիմքով և ինչ նպատակով է դա արվում։
Եթե ցանկանում եք վերահսկողություն իրականացնել, ապա ավելի նպատակահարմար է նախապես ուսուցչի հետ կազմել ամփոփիչ աշխատանքի բովանդակությունը, մասնակցել աշխատանքին, ապահովել, որ չարտագրեն կամ չհուշեն, հետո Ձեր ներկայությամբ ստուգել աշխատանքը։ Այդ դեպքում կարելի է ասել, որ դա տնօրինության կողմից վերահսկվող գրավոր աշխատանք է։
Բայց եթե պարզապես ասում եք՝ այս ժամին պետք է տնօրինության կողմից գրավոր անցկացվի, ապա կարող են առաջանալ խնդիրներ։ Օրինակ՝ եթե դրա համար վերցվում է այլ առարկայի ժամ, դա արդեն կարող է դիտվել որպես ոչ ճիշտ կազմակերպում։
Եթե փաստացի Դուք օգտագործել եք ամփոփիչ գրավոր աշխատանքը որպես տնօրինության վերահսկողության միջոց, ապա հաշվետվության մեջ պետք էր հենց այդպես էլ գրել։ Այդ դեպքում հարց չի առաջանա։
Այստեղ նաև կարևոր է հասկանալ, որ մեկ գրավոր աշխատանքով հնարավոր չէ գնահատել ուսուցչի ամբողջ աշխատանքը կամ դասավանդման որակը։ Դուք կարող եք գնահատել միայն տվյալ թեմայի շրջանակում սովորողների արդյունքները։ Իսկ եթե այդ թեման շատ հեշտ է եղել, արդյունքները կարող են բարձր լինել, բայց դա դեռ չի նշանակում, որ դասավանդման որակը ընդհանուր առմամբ բարձր է։
Դասավանդման որակը գնահատելու համար պետք է համեմատել մի քանի թեմաների արդյունքներ, ուսումնասիրել գրավոր աշխատանքների բովանդակությունը, պարզել՝
արդյոք առաջադրանքները ընդգրկում են ամբողջ թեման,
արդյոք ներկայացված են թեմայի դժվար բաժինները,
արդյոք հարցերը միայն հեշտ կամ միայն բարդ չեն,
արդյոք առաջադրանքների ծավալը համապատասխանում է հատկացված ժամանակին,
արդյոք սովորողները չեն ձախողվել ոչ թե չիմանալու, այլ ժամանակի պակասի պատճառով։
Եթե առարկան ունի լաբորատոր կամ գործնական աշխատանքներ, պետք է դասալսումներ անել նաև այդ ուղղությամբ՝ պարզելու համար, թե սովորողները կարողանո՞ւմ են իրականացնել փորձերը, թե ոչ։
Դասավանդման որակի ուսումնասիրությունը լուրջ և բազմաշերտ աշխատանք է։ Պետք է հասկանալ նաև, թե սովորողի առաջընթացը ինչի հետևանք է․
ուսուցչի կիրառած նոր մեթոդի՞,
սովորողի ինքնուրույն աշխատանքի՞,
արտաքին պարապմունքների՞,
թե՞ այլ գործոնների։
Եթե տվյալ ամսին նկատվում է արդյունքների աճ, պետք է նաև համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքների հետ։ Հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում թեման ավելի հեշտ է եղել, ուսուցիչը կիրառել է խմբային կամ հետազոտական աշխատանք, ինչի հետևանքով արդյունքներն աճել են, բայց հետո կրկին նվազել են։
Այսինքն՝ տվյալների վերլուծությունը պետք է լինի խորքային և համեմատական։
4. Ուսուցչի աշխատանքի և դասավանդման որակի տարբերակումը
Ուսուցչի աշխատանքը և դասավանդման որակը նույնը չեն։
Ուսուցչի աշխատանքի կազմակերպվածությունը կարելի է գնահատել ավելի պարզ գործիքներով․ օրինակ՝
ուսուցիչը պատրաստվա՞ծ է մտնում դասի,
ունի՞ դասի պլան,
դասի նպատակը հստա՞կ է,
դասը կազմակերպվա՞ծ է,
ուսուցիչը կանխատեսե՞լ է ժամանակի բաշխումը,
ունի՞ լրացուցիչ առաջադրանքներ, եթե դասը շուտ ավարտվի,
կարողանո՞ւմ է ճիշտ ավարտել դասը, եթե ժամանակը չի բավարարում։
Օրինակ, եթե դասալսման ժամանակ տեսնում ենք, որ զանգից 5 րոպե առաջ ուսուցիչն արդեն ավարտել է պլանավորած նյութը և սկսում է գիրք թերթել՝ լրացուցիչ առաջադրանք գտնելու համար, նշանակում է՝ նա լավ չի պլանավորել դասը։
Կամ եթե ուսուցիչը չի հասցնում ավարտել նոր նյութը և չի կարողանում ճիշտ հանձնարարել շարունակությունը, դա նույնպես պլանավորման խնդիր է։
Իսկ դասավանդման որակի ուսումնասիրությունը պահանջում է ավելի լայն վերլուծություն՝ արդյունքներ, մեթոդներ, սովորողների առաջընթաց, դասալսումներ, գրավոր աշխատանքների բովանդակություն և համեմատական տվյալներ։
5. Պլանավորված աշխատանքի գերծավալումը
10-րդ և 11-րդ դասարանների բոլոր նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկաների ընդգրկումը չափազանց մեծ աշխատանք է։ Եթե յուրաքանչյուր դասարանում կա մի քանի նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկա, ստացվում է, որ պետք է անցկացվեն բազմաթիվ գրավոր աշխատանքներ, վերլուծվեն արդյունքները, կատարվեն դասալսումներ, ուսումնասիրվի յուրաքանչյուր սովորողի առաջընթացը։
Այս ընդարձակ աշխատանքը մեկ ամսում որակով իրականացնելը գրեթե անհնար է։
Երբ պլանավորում եք աշխատանք, պետք է նախապես հաշվարկեք՝
քանի՞ դասարան եք ընդգրկում,
քանի՞ առարկա,
քանի՞ ուսուցիչ,
քանի՞ գրավոր աշխատանք,
քանի՞ դասալսում,
որքան ժամանակ է պետք տվյալների վերլուծության համար։
Եթե տեսնում եք, որ աշխատանքը շատ մեծ է, պետք է նեղացնել շրջանակը։ Օրինակ՝ վերցնել միայն 10-րդ դասարանը, կամ միայն ԲՏՃՄ բնագավառի առարկաները, կամ միայն լեզուները։
Ավելի ճիշտ է փոքրածավալ, բայց խորքային ուսումնասիրություն կատարել, քան մեծածավալ աշխատանք նախատեսել և այն իրականացնել մակերեսորեն։
6. Արդյունքների ներկայացման և վերլուծության հարցը
Ներկայացված տվյալների մեջ, օրինակ, ֆիզիկա առարկայի մասով նշված են սովորողների միավորները։ Սա լավ է, որովհետև առկա են թվային տվյալներ։ Սակայն անհրաժեշտ է նաև ներկայացնել թույլ տված սխալները։
Պետք է հստակ նշել՝
որ հարցերին են սխալ պատասխանել սովորողները,
որ հարցերի դեպքում է դասարանի մեծ մասը դժվարացել,
որ սխալներն են բնորոշ ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին,
ինչն է եղել սխալների պատճառը,
ինչ կառավարչական կամ մեթոդական որոշում է բխում այդ արդյունքներից։
Հաշվետվության մեջ տվյալները բավական մանրամասն են, և ակնհայտ է, որ աշխատանք է կատարվել։ Սակայն արդյունքների հիման վրա կայացվող որոշումները պետք է ավելի հիմնավորված լինեն։
Comments
Post a Comment