Կլոր սեղան «Ավագ դպրոց-ոստիկանություն համագործակցություն՝ հանուն իրավախախտումների կանխարգելման» թեմայով

13.12.2012
«Հայստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ, ՀՀ Ոստիկանության կողմից կազմակերպվել էր կլոր սեղան դպրոցական տեսուչի ներդրման անհրաժեշտության մասին:
Մեկ տարի առաջ ծրագիրը փորձարկվեց մի քանի ավագ դպրոցներում: Մեր դպրոցը նույնպես մասնակցում էր այդ ծրագրին: Ոստիկանի ներկայությունը ավագ դպրոցում շատ օգտակար էր մի քանի տեսանկյուններից:
Ավագ դպրոցը մեծ թվով 16-18 տարեկան աշակերտների ուսուցման վայր է և ամենախիստ կարգապահական վերահսկողության կարիք ունի: Ցավոք մեր հասարակության մեջ կան ընտանիքներ, որտեղ լուրջ խնդիրներ կան դաստիարակության առումով և այդ բարքերը գալիս են դպրոց, առաջացնում ինչպես ուսումնական, այնպես էլ կարգապահական խնդիրներ: Մեկ ուրիշ խնդիր է երեխայի սովորելու իրավունքի պաշտպանությունը: Կան աշակերտներ, ում ընտանիքում սովորելը չի համարվում կենսական անհրաժեշտություն և ծնողները տանը չեն ապահովում սովորելու համար նպաստավոր պայմաններ, չեն հետևում երեխայի ուսումնական հաջողություններին դպրոցում: Կան նաև երեխաներ, որ ուզում են սովորել, բայց դպրոցում կամ դպրոցից դուրս չունեն ապահով միջավայր՝ կան անկարգապահ աշակերտներ դասարանում, դպրոցի բակում կամ շրջակայքում, որ դպրոց չեն հաճախում և այս կամ այն ձևով անհանգստացնում, վախի մթնոլորտ են ստեղծում կարգապահ աշակերտների համար: Այս խնդիրների մի զգալի մասը դպրոցը կարողանում է լուծել իր պատասխանատվությունների և կարողությունների սահմաններում: Բայց կան խնդիրներ, որոնց լուծումը առանց սոցիալական աշխատողի և անչափահասների հարցերով զբաղվող ոստիկանի լուծել հնարավոր չէ:
Այս պատճառով մենք ողջունում ենք ծրագիրը և համարում, որ ոստիկանի մուտքը դպրոց պետք է լինի ոչ թե դպրոցի առաջարկությամբ կամ ոստիկանության նախաձեռնությամբ, այլ կառավարության որոշումով:

Comments