Երեխաները պայքարում են ծխելու դեմ և կյանքեր փրկում

Երեխաները պայքարում են ծխելու դեմ և կյանքեր փրկում




Նոյեմբերի 6-ին «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացվող «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարք» ծրագիրը։ Ներկայացվեց ՀՀ 1300 դպրոցներում անցկացված հակածխախոտային ծրագիրը, պարգևատրվեցին «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների դպրոցական մրցույթի հաղթողները։
Ծրագրի ղեկավար Արտաշես Թորոսյանը նկատեց, որ իրականացված միջոցառումների արդյունքում մասնակից աշակերտները հասկացան, որ ծխելը հիվանդություն է, որը մարդ ստանում է ոչ թե վիրուսներից, այլ ինքն է իրեն վարակում այդ ախտով։ Նա նշեց նաև, որ նախագիծն ընդգրկուն էր, մեծ տարածում ունեցավ սոցցանցերում. մասնավորապես, ծրագիրն իրականացնող կազմակերպության կայք են այցելել հազարավոր մարդիկ՝ քվեարկելով իրենց նախընտրած հակածխախոտային պաստառի օգտին։ Նա վստահություն հայտնեց, որ երեխաների հակածխախոտային արշավի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց ծրագիրը, քանի որ մեծաթիվ դպրոցներում պայքարեցին մի կարևոր գաղափարի՝ առողջ լինելու գաղափարի համար։ «Սիրելի երեխաներ, ձեր առողջությունը մեր բոլորի՝ երկրի, հասարակության հարստությունն է։ Հրաշալի է, որ հանուն այդ գաղափարի պայքարում եք հենց դուք։ Ծրագրի ընթացքում դուք ըմբռնել եք, թե որքան մեծ է ծխելու վնասը, և որքան լավ է, երբ մարդն առողջ է և ունի առողջ ընտանիք։ Այդ գիտակցումը երբեք չի լքի ձեզ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ նշեց, որ ինքը երբևէ չի ծխել և իր օրինակով մշտապես քարոզել է առողջ ապրելակերպը։ Նա հատկապես ընդգծեց այն ծավալները, որ ընդգրկել է այս ծրագիրը. «Թիրախ խումբը, որ ընտրվել է «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի կողմից, շատ կարևոր է։ Ուսանողների, աշխատողների շրջանում շատ ավելի դժվար է քարոզչություն իրականացնել ու համոզել նրանց, որպեսզի չծխեն։ Դպրոցականների հետ նման պայքար իրականացնելն ամենաարդյունավետն է»։  
«Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների մրցույթի արդյունքում 36 դպրոցներ ստացան մրցանակներ։ Պաստառների հեղինակ աշակերտներից շատերը, ներկայացնելով նկարները, շեշտում էին նաև, որ իրենց հորդորների շնորհիվ ծնողները թողել են ծխելը։
12 լավագույն աշխատանքները կտպագրվեն օրացույցների տեսքով և կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:

Comments