Մերձազդեցություն և հեռազդեցություն

Մերձազդեցության և հեռազդեցության մասին գիտենք դպրոցի ֆիզիկայի դասընթացից: Այսօր այս գաղափարը կարելի է օգտագործել դասավանդման տարբեր ձևեր նկարագրելիս: Որովհետև այսօր տեխնոլոգիաները դարձել են շատ մատչելի և տեխնոլոգիա ստեղծողները անում են ամեն ինչ, որպեսզի օգտագործողները ոչ մի նեղություն չունենան: Սա իհարկե բիզնես է, բայց մենք այդ արտադրանքը կարողանում ենք օգտագործել դասավանդելիս: Բաց դասարան (flipped classroom) ռազմավարությունը սովորեցնելը և սովորելը դարձրել է շատ հասանելի: Օգտագործելով համակարգիչը կամ դրա նոր դրսևորումները՝ պլանշետ կամ հեռախոս ուսուցիչը լինում է աշակերտի կողքի անգամ այն ժամանակ, երբ աշակերտը դասարանում, դպրոցում չէ:
Դասավանդման իր պլանում ուսուցիչը ունի դասի տևողության չափ ժամանակ: Նա նույնիսկ այդ 45 րոպեն ամբողջությամբ չի կարող օգտագործել որևէ նյութ բացատրելու համար: Իսկ ասելիք ուսուցիչը շատ ունի:
Մյուս կողմից ուսուցիչը չի կարող հասնել օգնության իր աշակերտին, երբ նա տանը սովորոելիս դժվարություններ է ունենում: Էլ չեմ ասում, որ ուսուցիչը չի կարող աշակերտին սովորեցնել, երբ աշակերտը դպրոցում չէ:
Այսօր տեխնոլոգիաները միանգամից լուծում են նկարագրված բոլոր խնդիրները: Ուսուցիչը կարող է դասը բացատրել, այդ բացատրությունը դարձնել թվային՝ խոսող, ցուցադրող և բացատրող ինտերակտիվ սալիկաշար, այդ սալիկաշարի վիդեո տարբերակ և հասցնել աշակերտին դեռ դասարանում դասը բացատրելուց առաջ: Աշակերտը դեռ դպրոցում ուսուցչից բացատրությունը լսելուց առաջ հնարավորություն է ստանում լսել և դիտել ուսուցչի բացատրությունը իր համակարգչի և/կամ հեռախոսի էկրանին: Լսել բազմաթիվ անգամ, վերադառնալ ետ կամ անցնել առաջ: Այստեղ ուսուցիչը դասը պատմում է ավելի լավ, քան դասի ընթացքում, որովհետև ունի ավելի շատ ժամանակ և կարող է նույն բանը մի քանի ձևով բացատրել, օգտագործել լրացուցիչ նյութեր:
Այս բաց դասարանը հասանելի է ուսուցչի աշակերտներին և բոլոր նրանց, ում ուսուցիչը իր դասի հղումը կուղարկի:
Իմանալով, որ Սուրենավանի միջնակարգ դպրոցը չունի ֆիզիկա առարկայի մասնագետ ես առաջարկեցի Սուրենավանի դպրոցի տնօրենին ֆիզիկայի դասերին օգտագործել իմ մշակած դասերը և ստանալով համաձայնություն ստեղծեցի տարածք համացանցում (Yammer.com) և ըստ Սուրենավանի դպրոցի ֆիզիկա առարկայի 10-րդ դասարանի թեմատիկ պլանի սկսեցի տեղադրել դասերը: Դասը վարող ուսուցիչը նյութի հաղորդման մասում օգտագործում է իմ ուղարկած նյութերը, որտեղ ես բացատրում եմ տեսությունը և խնդիրների լուծման առանձնահատկությունները, իսկ մյուս կազմակերպական աշախատանքները կատարում է ինքնուրույն: Ես Yammer.com տարածքում Սուրենավանի 10-րդ դասարանցիների հետ հաղորդակցվում եմ, պատասխանում եմ նրանց հարցերին:
Աշխատանքները սկսել ենք սեպտեմբեր ամվա վերջին օրերին և շարունկում ենք մինչ օրս:














Comments