Ավագ եւ հիմնական դպրոցների մրցապայքարն աստիճանաբար թեժանում է

ՄԱՔՍԼԻԲԵՐԹԻ


25.03.2010

Կառավարության որոշման համաձայն` մինչեւ 2011 թվականը հանրապետությունում կգործի 150 ավագ դպրոց: Այսօր գործող 48 ավագ դպրոցները, սակայն, արդեն լուրջ գլխացավանք են դարձել հիմնական դպրոցների համար:

«Այսօր հիմնական եւ ավագ դպրոցի ուսուցիչները միյանցից չեն տարբերվում, հետևաբար կրկնուսույցի ինստիտուտից աստիճանաբար ավագ դպրոցի կրթությանն ապավինելու ռազմավարությունը պարզապես չի իրականացվում», - կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հարցերի մշտական հանձաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով` իրենց կրթահամալիրում արդեն 20 տարի գործում են կրթության 3 ուղղություններ` գեղարվեստի, արհեստագործական եւ վարժարանային ավագ դպրոցներ: - «Անհասկանալի է` ինչ են անում. եթե կրթության այս բարեփոխումը պարգեւ է, ապա ինչու՞ բոլորին չի տրվում, ինչու՞ աստիճանավորումը չի արվում միանգամից, իսկ եթե պատիժ է, ապա ինչու՞ է արվում», - նշում է Բլեյանը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան
Ավագ դպրոցների հասցեին հնչող դժգոհություններին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկ պատասխան ունի. - «Ոչ մի կրթական բարեփոխում 2 տարվա ընթացքում միանգամից մեծ արդյունք չի տալիս. մեզ պետք է հասարակության աջակցություն, նախարարությունը շատ է կարեւորում թափանցիկ, ուղիղ աշխատելաոճը», - նշում է Աշոտյանը:

Գեղարքունիքի մարզում 3 ավագ դպրոց կա, որից մեկը Սեւան քաղաքում է: Այստեղ նախկին 7-րդ միջնակարգ, այժմ արդեն թիվ 1 հիմնական դպրոցում արդեն կրճատման եզրին են կանգնած շուրջ 20 ուսուցիչներ: Տնօրեն Մարիետտա Միրզոյանի կարծիքով` պատճառը ավագ դպրոցումներում աշակերտների կուտակումն է:

Կառավարության 2008-ի որոշման համաձայն` ավագ դպրոցների միջին դասարաններում ընդունելությունն արգելված է: Հանրակթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Մաքսլիբերթի»- հետ զրույցում ասաց, որ «մինչեւ այսօր իրենք տնօրեններին այդ մասին բանավոր են տեղեկացրել, սակայն շուտով նրանք նաեւ գրավոր հանձնարարական կստանան»:

Comments