ԿԳ նախարարը՝ քոլեջների տնօրեններին. «Խստացնում ենք ձեր նկատմամբ կրթական ցենզը»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/05/494589/   © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում հանդիպեց ՀՀ ԿԳ նախարարության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: «Ամեն ուսումնական տարի իր հետ բերում է նոր խնդիրներ ու նոր մարտահրավերներ, բոլոր խնդիրներով ու թերություններով հանդերձ՝ հաջողված եմ համարում նախորդ ուսումնական տարին»,-ասաց նախարարը: Նա անդրադարձավ նախնական ու միջին մասնագիտական կրթության խնդիրներին վերաբերող օրինագծին. «Այս համակարգում եւս ներմուծում ենք տնօրենների հավաստագրման համակարգ, քոլեջներում ղեկավար կաշխատեն այն մարդիկ, որոնք հանձնեն ատեստավորման քննությունը, բավականին խստացնում ենք ձեր նկատմամբ կրթական ցենզը՝ հաշվի առնելով, որ ունենք իննսունականներից եկող ինչպես՝ բազմավաստակ տնօրեններ, այդպես էլ երիտասարդ տնօրեններ, որոնք ունեն տարբեր գիտելիքներ»,-շեշտեց նախարարը: Քոլեջից բուհ տեղափոխվելու մեխանիզմին էլ անդրադարձ եղավ, պարոն Աշոտյանն ասաց, որ դրանով ոգեւորված չէ, քանի որ այն ունի կոռուպցիոն ռիսկեր եւ չի նպաստում միասնական կրթական քաղաքականությանը: «Այս տարվանից քոլեջից եկած դիմորդները կկարողանան շարունակել իրենց կրթությունը բուհի բացառապես հեռակա համակարգում՝ երկրորդ կուրսից»,-հավելեց նա, ասելով, որ նախկին արտոնությունը այլեւս փոխակերպվել է արդար մոտեցման: Նշվեց նաեւ, որ երբեք Հայաստանում այդքան մեծ թվով քոլեջներ չեն վերազինվել ու վերանորոգվել, որքան վերջին հինգ տարիներին: Քանի որ քոլեջներն ու ուսումնարանները հիմնականում քաղաքներում են տեղակայված, ու նախարարը մտադիր է դրանց կից ստեղծել հանրակացարաններ՝ գյուղաբնակ ուսանողների համար: Նրա ասելով, մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես տարածաշրջանային նշանակության քոլեջներին: Իմիջիայլոց, պետության համար գերակա մասնագիտական կրթությունը քոլեջներում կլինի անվճար: Ինչ վերաբերում է կարգապահական հարցերին, նախարարը նշեց, որ որեւէ մեկի հետ աշխատելու պարտավորություն չկա. «Դուք պետք է ապացուցեք, որ տեղին եք նշանակվել տնօրեն կամ ղեկավար…Ունեմ տեղեկություններ, որ ունենք ձեւակերպված, բայց աշխատանքի չեկող մարդիկ, ստուգումներից հետո այդ տեղեկատվությունը մատչելի կդառնա բոլորի համար, ունենք դեպքեր, որ ուսանողները ձեւակերպված են որպես ուսանող, բայց գերադասում են դասի չգալ…Հուսով եմ, որ այս պահանջները բավարարված կլինեն ձեր կողմից»: Նախարարը «սպառնաց», որ անակնկալ ուղիղ կապեր է հաստատում կրթության ոլորտի շահառուների հետ ու չի լինելու որեւէ ահազանգ, որ անպատասխան կմնա. «Այն տնօրենը, որ կունենա դեկտեմբերի 30-ին պարտք, չի աշխատի հունվարից, պահեք այնքան աշխատող, որքան կարող եք վճարել, ինչպես կարող եք քոլեջը դարձնել գրավիչ, ինչպե՞ս աշխատել մասնավոր հատված հետ…Եթե ձեր պարտքի գոյացումը օբյեկտիվ չէ, դուք կենթարկվեք պատասխանատվության, ընդ որում նաեւ անձնական գույքով…Ես «հաթաթայի» լեզվով չեմ խոսում, ուղղակի մասնագիտական զրույց է՝ գործընկերային հարաբերությունների համատեքստում»: Քոլեջների տնօրեններից մեկը հետաքրքրվեց, թե ինչու չի վերանորոգվում իրենց հաստատությունը: ԿԳ նախարարը նշեց, որ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն են ստացել, ինչի շնորհիվ չորս քոլեջ կվերանորոգվի, նախահաշիվը կազմված է, ուղղակի այս պահին մասնագիտական ճշգրտումների կարիք կա: Քոլեջի մի տնօրեն էլ ցանկություն հայտնեց, որ ընդունելության ժամկետը մի քիչ երկարաձգվի, որպեսզի վերաքննություն ունեցողներն էլ հնարավորություն ունենան քոլեջներ ընդունվել: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/05/494589/ 

© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Comments