Երբ գալիս է սեպտեմբերը

Նոր ուսումնական տարին միշտ ինչ որ ձևով տարբերվում է նախորդից։ ԵՎ ոչ միշտ ես սեպտեմբերին հասկանում փոփոխությունը եղել է դեպի լավ, թե՞ դեպի վատ կողմը։ Հետո, տարվա ընթացքում ամեն ինչ պարզ է դառնում։
Այս տարի ավագ դպրոց ընդունվեցին հարյուրավոր աշակերտներ։ Ոգևորված են ուսուցիչները, ոգևորված են աշակերտները։ Նրանց ոգևորությունը կտևի մեկ երկու շաբաթ։ Այդ շաբաթների ընթացքում ուսուցիչները կհասկանան աշակերտների պոտենցիալը, սովորելու տրամադրությունը և կսկեն աշխատել դրանց զարգացման վրա։ Աշակերտները կհասկանան իրենց աշխատանքի՝ սովորելու դժվարությունը և ոգևորությունը կփոխարինվի ամենօրյա դժվար, բայց նաև հետքրքիր ուսումնառությամբ։ Նրանք երբեմն կդժվարանան, կհիասթափվեն, կտխրեն ու կոգևորվեն, կուրախանան, կհպարտանան, կնեղանան ու կփնտրեն արդարություն։
Այս բոլոր հույզերը ունեն կոնկրետ աղբյուր։ Այդ աղբյուրը ավագ դպրոցի ուսումնական պլանն է։ Կոշտ, անհարմար, արհեստական բարդույթներով և անորոշ հեռանկարներով ուսումնական պլանը ծնում է դժվարության ալիքներ, որոնք երկրաշարժի նման ցնցում են ավագ դպրոցը, կործանում վատ հիմքի վրա կառուցված շենքերը, կործանում սովորողների երազանքները և հույսերը։ Վաղուց բոլորը այդ մասին գիտեն և ոչինչ դրանից չի փոխվում։ Ինչ որ ամրություններ ու հենարաններ են ստեղծվում այդ ցնցումների արդյունքում ուսումնական շենքի փլուզումը կանխելու համար։ Ստեղծվում են այլընտրանքային ուսումնական պլաններ, կրճատվում են առարկաների ծրագրերը, փոխվում է գնահատման մեթոդը, կրթությունը դառնում է ավելի բաց։ Բայց երկրաշարժը անընդհատ ցնցում է համակարգը։
Մի հետքարքիր պատմություն ինձ պատմեցին երեկ։ Մի ծեր ու շատ աղքատ մարդ նստած է ճանապարհի եզրին։ Նրա ոտքերի տակ պառկած է նրա շունը։ Շունը անընդհատ տնքում է։ Անցորդը հարցնում է ծերունուն, թե ինչու՞ է տնքում շունը։ Ծերունին պատասխանում է, որ շունը պառկել է մեխի վրա։ Անցորդը զարմանում է, որ շունը չի փոխում իր տեղը։ Ծերունին բացատրում է, թե ըստ երևույթին մեխը այնքան ուժեղ չի ծակում, որ շունը գնա։
Ու ես մտածեցի, որ մեր ուսումնական պլանն էլ ըստ երևույթին դեռ այնքան չի վնասում կրթական համակարգիը, որ այն հիմնովին փոխելու որոշում ծնվի։ Այդ միտքը ինձ ցավ պատճառեց։
Աշխարհը շատ արագ զարգանում է։ Մենք այդ զարգացումը հեռվից տեսնում ենք։ Հասկանում ենք, որ շատ բան կա անելու։ Հույս ունենք, որ երբ այդ զարգացումը հասնի մեզ, մենք արագ ամեն ինչ կհասցնենք։ Դա պատրանք է։
Իրականում մենք ունենք իրավիճակը փոխելու նոր, հզոր զարգացում ապահովելու ներուժ։ Այդ ուժը ստեղծել է կրթական օազիսներ։ Դրանք լուրջ հիմքեր են առաջ գնալու համար։ Պետք է այդ հիմքը օգտագործել և ոչ թե դրանցով ամրացնել թույլ պատերը։

Comments