Կարողունակություններ: Վերջնարդյունքների զարգացումը
Կարողունակությունները զարգացնելու համար հանրակրթության պետական չափորոշչում սահմանվել են վերջնարդյունքները։ Վերջնարդյունքները իրենց բովանդակության մեջ ունեն ձևակերպված կարողություններ։ Իսկ ինչո՞ւ։ Իրականում վերջնարդյունքը ունի հստակ նպատակ։ Եվ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որն է այդ նպատակը, ինչպե՞ս հասնենք այդ նպատակին և ինչպե՞ս աջակցենք կարողունակության զարգացմանը։
Իրականում, այս պրոցեսը թվում է բարդ, անհասկանալի, բայց ամեն օր ուսուցիչը դասի ընթացքում կատարում է այդ աշխատանքը։ Կենտրոնանալով իր դասի վրա, այն նյութի վրա, որը ցանկանում է սովորեցնել սովորողներին ուսուցիչը կարիք ունի ուշադրություն դարձնել նաև վերջնարդյունքների զարգացմանը:
Եթե նա նախապես ուսումնասիրի վերջնարդյունքի հիմնական նպատակը, ուսումնասիրի ոչ թե միայնակ, այլ մեթոդմիավորման ուսուցիչների հետ, դպրոցի բոլոր ուսուցիչների հետ, որովհետև վերջնարդյունքները հանրակրթության պետական չափորոշիչի բոլոր առարկաների դասերին են զարգանալու, համագործակցի այլ դպրոցների ուսուցիչների հետ, ապա որոշակի ժամանակ հետո մենք կարողանանք ոչ միայն հստակ ձևակերպել այդ վերջնարդյունքների զարգացմանը նպաստող կամ տանող ուղիները, այլ նաև կկարողանանք փոխել ուսուցման այն սկզբունքները, որոնք սահմանված են հենց հանրակրթության պետական չափորոշիչով:
Պետք է հիշենք, որ այդ աշխատանք անելու համար մենք ունենք բավարար ժամանակ։ Որովհետև
- տարրական դպրոցի վերջնարդյունքները մենք զարգացնելու ենք տարրական դպրոցի 4 տարիների ընթացքում և արդյունքները վերջնական ապահովելու ենք արդեն 4-րդ դասարանն ավարտելիս,
- միջին դպրոցի վերջնարդյունքները զարգացնելու ենք 5-ից 9-րդ դասարան այդ 5 տարիների ընթացքում և արդյունքներն ապահովելու ենք 9-րդ դասարանում,
- ավագ դպրոցի վերջնարդյունքները զարգացնելու ենք 3 տարիների ընթացքում և արդյունքները գնահատելու ենք 12-րդ դասարանում:
Գարնանային արձակուրդների օրերին այցելեցի հինգ դպրոց, մասնակցեցի մեթոդմիավորումների նիստերին: Մենք բոլորս ունենք բավարար գիտելիք և հմտություն և փորձ այս խնդիրը լուծելու համար: Միասին այդ աշխատանքը կկատարենք:
Comments
Post a Comment