Գնահատել չի կարելի չգնահատել (որտեղ դնենք ստորակետ)

Աշակերտների գիտելիքների գնահատումը մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ուսուցչին հասկանալ, թե ինչպես են աշակերտները հաղորդվող նյութը  յուրացրել, ինչպես են կարողանում սովորածը կիրառել նոր նյութ յուրացնելու կամ իրական կյանքում օգտագործելու համար։ Գնահատումը այս տեսանկյունից օգտագործելը միշտ ընդունվել է և ուսուցիչների և աշակերտների կողմից։
Բայց կրթությունը շարունակական աշխատանք է և նոր գիտելիքը, կարողությունը ձևավորվում են հնի վրա։ Հետևաբար հին նյութը չյուրացրած աշակերտը հետագայում չի կարողանում յուրացնել նաև նոր նյութը։ Անհրաժեշտություն է առաջանում կանգ առնել և լրացնել չսովորածը։ Այստեղ գնահատումը դառնում է գործիք, որը չեն սիրում ոչ ուսուցիչները և ոչ էլ աշակերտները։
Եթե փորձենք գտնել աշակերտի չսովորելու պատճառը, ապա կտեսնենք, որ մեղավորները շատ են։ Դրանք առարկայական ծրագրերն են, դասագրքերը, սովորելու պայմանները դպրոցում և տանը, ուսուցիչները, աշակերտները և այլն։
Բայց սովորող աշակերտները և դասին հիմնավոր նախապատրաստված ուսուցիչները գտել են ելքը։ Այդ ելքը սովորեցնել իմանալն է և սովորել իմանալն է։
Այսինքն այն կարողություններն են, որ ուսուցիչը աշակերտին սովորեցնում է առարկայի գիտելիքը սովորեցնելուն զուգահեռ։ Չկա այնպիսի առարկա, որ աշակերտին սովորեցնի լսել ուրիշներին, համեմատել ուրիշի կարծիքը իր կարծիքի հետ, իր միտքը արտահայտել այնպես, որ դիմացինը իրեն հասկանա այնպես, ինչպես ինքն է ցանկանում, որ իրեն հասկանան, լինի պարտաճանաչ, կատարի տրված առաջադրանքները ժամանակին, իմանա հարցեր տալ, իմանա, կարողանա որոշել ում տալ այդ հարցերը, տա այդ հարցերը, իմանա սովորել  և այլն։ Կարողություններըշատ են և կարիք չկա այստեղ բոլորը թվարկել։
Կարողությունները աշակերտները սովորում են մանկապարտեզից մինչև իրենց կյանքի վերջը։ Որքան լավ են նրանք այդ կարողությունները սովորում այնքան լավ են նրանք սովորում տարբեր առարկաներ, մասնագիտություններ, այնքան լավ և բարձրակարգ մասնագետներ են նրանք դառնում։ Այնքան հեշտանում է նրանց ուսուցիչների գործը։
Ստացվում է, որ խնդիրը գնահատելու մեջ չէ։ Խնդիրն այն է, որ մենք չունենք աշակերտներին այդ կարողությունները սովորեցնելու ժամանակ։ Կամ ունենք այդ ժամանակը, բայց լավ չենք օգտագործում։

Հիմա դնենք ստորակետը։
Գնահատել, չի կարելի չգնահատել։ 
Գնահատել իմացածը, ոչ թե չիմացածը։
Գնահատել արվածը։

Comments