Ուսուցման կազմակերպումը կորոնավիրուսից հետո

Ամեն ինչ փոխվում է։ Կրթության մեջ փոխվում է դանդաղ։ Բայց լինում են իրավիճակներ, երբ ամեն ինչ փոխվում է արագ, շատ արագ։ Այդ իրավիճակները ոչ գիտնականների կարծիքն են հարցնում, ոչ ծույլերի նվնվոցի վրա են ուշադրություն դարձնում, ոչ անգրագետների մասին են մտածում և ոչ էլ նկատում են պատրաստվածներին։ 88-ի երկրաշարժի համար միևմույն էր ինչ եղավ այդ պահին և դրանից հետո մեր հետ։ Մեր համար դա միևնույն չէր։ Հասկացանք, որ անպատրաստ էինք։ Հիմա էլ վիրուսը մեր մասին չի մտածում։ Իսկ մենք հերթական անգամ հասկանում ենք, որ անպատրաստ ենք։ Ամբողջ աշխարհն է անպատրաստ։ Բայց մենք գիտենք, որ վիրուսը մի օր կհեռանա և կյանքը կշարունակվի։ Կասենք, որ փրկվեցինք և կշարունակենք ապրել ինչպես մինչև վիրուսի գալը։ Իհարկե չի ստացվի խուսափել զարգացումից։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զարգացավ ռազմական արդյունաբերությունը, որը պատերազմից հետո զարգացրեց ամբողջ արդյունաբերությունը և տնտեսությունը ընդհանրապես։ Պատերազմից հետո էականորեն փոխվեց աշխատանքի ղեկավարումը և կառավարումը, աշխատանքային հարաբերությունները և պատասխանատվությունը արված աշխատանքի համար։ Հիմա էլ են այդպիսի փոփոխություններ տեղի ունենալու։
Այսօր պարզ դարձավ,

  • որ գոյություն ունեցող աշխատանքի զգալի մասը կարելի է կատարել տանից, որի հետևանքով էականորեն կբեռնաթափվի հասարակական տրանսպորտը և երթևեկույունը կթեթևանա, կպակասի օդի աղտոտվածությունը,
  • որ բաժնի աշխատանքը հաջողությամբ կարող է կատարել մեկ-երկու մարդ, որը հնարավորություն կտա առնվազն կարևորել այդ մարդկանց ներդրումը, 
  • որ խորհրդակցությունները կարելի է կատարել առցանց և նույնքան, եթե ոչ ավելի արդյունավետ, 
  • որ առևտուր կարելի է անել առցանց և դա շատ հարմար է,
  • որ բանկից կարելի է օգտվել առցան և դա բոլորովի դժվար չէ անգամ մեծահասակների համար,
  • որ բժիշկը որոշ հիվանդություններ կարող է բուժել առցանց և թեթևացնել բազմաթիվ մարդկանց վիճակը, ով չի կարողանում դիմել իրենից հեռու գտնվող բժշկին, կամ որովհետև ունի տեղաշարժման խնդիրներ,
  • որ սովորել կարելի է հեռավար և անգամ համակարգչից օգտվել չցանկացող ուսուցիչները միքանի օրվա ընթացքում կարողացան սովորել օգտվել։
Ես կարող եմ դեռ երկար թվարրկել, թե ինչ կփոխվի մեր կյանքում, բայց իմ հիմնական նպատակը դպրոցի մասին խոսելն է։ Երբ կորոնավիրուսից մեկ տարի առաջ նախարարության կողմից կազմակերպվեցին ՏՀՏ գործիքներով աշխատելու հմտություններ զարգացնող հնգօրյա վերապատրաստումներ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, ամենից դժվարը ուսուցիչների համաձայնությունը ստանալն էր։ Նրանք հրաժարվում էին մասնակցել համարելով, որ դա հրատապ անհրաժեշտություն չէ։ Ճիշտ է մասնակցում էին, բայց առաջին օրերը անցնում էր դժգոհության դիմադրությունը հաղթահարելու համար։ ԵՎ ինչպես միշտ է լինում՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Կորոնավիրուսը փակեց դպրոցները և հիմա այն ինչ սովորեցին ուսուցիչները այդ վերապատրաստումների ժամանակ (կամ դրանից առաջ eTwinning, Moodl) դարձավ մանկավարժներին մյուս մանկավարժներից ավելի բարենպաստ կողմից բնութագրող առավելություն։ Դարձավ հնարավորություն այն աշակերտների համար, որ սովորում են այդ ուսուցիչների մոտ։ Երբ վիրուսը գնա աշակերները կամ նրանց որոշակի մասը ցանկանալու են շարունակել սովորել դպրոցում ուսումը հեռավար եղանակով լրացնելով։ Իսկ այդպիսի ուսումնական գործընթաց կազմակերպլուն պետք է պատրաստ լինենք։ Մենք պետք է այսօր սովորենք նման եղանակով ուսուցում կազմակերպել, որովհետև շաբաթը նորից ուրբաթից շուտ է գալու։ 

Comments