ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 112, 198 ԵՎ 195 ԴՊՐՈՑՆԵՐԸ

Այս տարի մեկնարկում է ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը: Կառավարությունն արդեն հաստատել է այն դպրոցների ցանկը, որոնք մտնում են ավագ դպրոցների ստեղծման փորձնական ծրագրում: Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ծրագրում ներառված են տասը հանրակրթական դպրոցներ, որոնցից 3-ը Երևան քաղաքում են: «Որպես ավագ դպրոցներ նոր ուսումնական տարում կմեկնարկեն կրթության ու գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող 112 և 198 դպրոցները և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 195 դպրոցը: Փորձնական ծրագիրը, ըստ էության, բացի այս 3 դպրոցներից իր մեջ ներառում է ևս 7-ը, որոնք առայժմ մնում են որպես ընդհանուր»,-նշեց Կ. Արեյանը:

7 դպրոցները տեղակայված են Նոր Նորք և Մալաթիա Սեբաստիա համայնքներում, և, Արեյանի հավաստմամբ` նախապատրաստական բոլոր աշխատանքներն իրականացվել են և «այս պահի դրությամբ, դպրոցները կազմակերպչական ու իրավական առումով որևէ խնդիր չունեն»:

Այս տարի դպրոցները համալրվելու են 65 անուն նոր դասագրքերով, իսկ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներն այս պահի դրությամբ ապահովված են 189 համակարգչային դասարաններով` 202 դպրոց, 58-ում` ինտերնետ, ընհանուր` 1800 համակարգիչ:

Կառավարության որոշմամբ ավելացել է ներառական կրթության ծրագիր իրականացնող դպրոցների քանակը (12-ով)` «հատուկ դպրոցներում առաջացած մեկուսացվածությունը հաղթահարելու համար»:

Անդրադառնալով միջնակարգ հանրակրթական դպրոցին, նա նշեց, որ 12-ամյա կրթությամբ սովորողների առաջին, երկրորդ և երրորդ դասարան հաճախող աշակերտները սովորելու են հնգօրյա համակարգով, իսկ 4-11-րդ դասարակցիները` վեցօրյա:
«Պետք է նշեմ, որ մենք մեծ տեղ են հատկացնում ավագ արհեստագործական ուսումնական հաստատություններին, դրա համար էլ այս տարի քաղաքապետարանի ենթակայութան տակ գործող 5 դպրոցների համար պետպատվերի շրջանակներում իջեցվել է 320 տեղ»,-ավելացրեց Կ. Արեյանը:

Նշենք, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ավագ արհեստագործական հատուկ դպրոցների և ներառական կրթության հատուկ ծրագիրն իրականացնելու համար 2008 թվականի պետբյուջեից հատկացվել է 12 մլրդ 413 մլն դրամ:
Աղբյուր` Panorama.am
http://www.panorama.am/am/education/2008/08/25/avagdproc/?sw

Comments