Ավագ դպրոցը կփոխարինի՞ կրկնուսույցին

18:24 | ՕԳՈՍՏՈՍ 28, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

14-ամյա Շուշան Հակոբյանը այս տարվանից չի սովորելու իր նախկին դասընկերների հետ: Երեւանի թիվ 197 դպրոցի սանուհին ստիպված է հաճախել այլ դպրոց, քանի որ իր հարազատ կրթահամալիրում ավագ դասարաններ չկան: Նախորդ տարվանից Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացվում է եռաստիճան դպրոցում' հետևյալ հաջորդական աստիճաններով. տարրական դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց:

Ավագ դպրոցների ստեղծումը տեղի է ունենում աստիճանաբար: Այս ուսումնական տարում Հանրապետությունում կգործեն 48 ավագ դպրոցներ, որից 17-ը' Երեւանում: Այսինքն, Երեւանի յուրաքանչյուր համայնքում լինելու է մեկ կամ երկու ավագ դպրոց: Երեւանում ներկայումս գործում են 1169 միջնակարգ ընդհանուր դպրոցներ:

Ըստ ՀՀ-ի Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վանիկ Միսակյանի'առաջիկա 2-3 տարվա ընթացքում ավագ դպրոցների թիվը պետք է հասնի 150-ի: Բայց մինչ այդ ավագ դպրոցների աշակերտները ստիպված կլինեն ավելի վաղ արթնանալ եւ տրանսպորտով բավականին ճանապարհ անցնել' դասերին ճիշտ ժամանակին ներկայանալու համար:

«Մայրիկս ինձ ասում է, որ ավելի լավ է չգնամ ավագ դպրոց, այլ գնամ պարարվեստի ուսումնարան, մեկ է' պետք է նույն ճանապարհածախսը տամ»,- ասում է 14-ամյա Շուշան Հակոբյանը:

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները, որոնք կազմում են հիմնական դպրոցը, պարտադիր են: Ավագ դպրոցը հանդիսանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանը, որը թեև անվճար է, բայց պարտադիր չէ։

Ենթադրվում է, որ շատ աշակերտներ ավագ դպրոցի փոխարեն նախընտրեն քոլեջներն ու ուսումնարանները: Այդ հանգամանքը չեն բացառում նաեւ դպրոցների տնօրենները: Քոլեջների շրջանավարտները որպես կանոն բուհ են ընդունվում առանց մրցույթի:

«Ճիշտն ասած երեխաները միջնակարգ դպրոցներից ավելի շատ ձգտում են քոլեջներ, Մանկավարժական ինստիտուտին կից, Պոլիտեխնիկին կից, Բժշկական: Գնում են, որպեսզի հետագայում այդ ուղղությամբ էլ շարունակեն ուսումը»,-ասում է ասաց թիվ 197 դպրոցի տնօրեն Վարսիկ Թադեւոսյանը: Այս դպրոցը այլեւս ավագ դասարաններում չի իրականացնում ուսուցում: Եռաստիճան միջնակարգ կրթական համակարգի անցումը նա համարում է անհրաժեշտ բարեփոխում, սակայն կարծում է, որ դրա արդյունավետության համար պետք է նաեւ, որ ծնողները ըմբռնումով մոտենան եւ ճիշտ հասկանան ավագ դպրոցի դերն ու նշանակությունը:

Առայժմ ծնողներն այնքան էլ չեն հասկանում կրթական այս բարեփոխման, նաեւ 2006թ-ից 12-ամյա միջնակարգ կրթական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Երեւանցի 45-ամյա Վարդան Մարկոսյանը, որի տղան 9-րդ դասարանցի է, դժգոհում է, որ ընտանեկան բյուժեում նոր ծախսեր են ավելանում: Սեպտեմբերի 1-ից 300-400 դրամ պետք է հասկացնի իր տղայի ճանապարհածախսի համար:

«Մեզ համար հանգիստ ապրում էինք, ո՞ւմ էր պետք այս նորամուծությունը, թող երեխաները տասը տարի դպրոցում սովորեին, այս ամենը իզուր էր: Գիտելիքը կախված չէ նրանից, թե քանի տարի կսովորեն, այլ ինչպես կսովորեցնեն»,- ավելացնում է Վարդան Մարկոսյանը:

ՀՀ-ի Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վանիկ Միսակյանն ասում է, թե ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն: Նա կարծում է, որ ավագ դպրոցում սովորող աշակերտները կարիք չեն ունենա այլեւս կրկնուսույցների մոտ լրացուցիչ մասնավոր պարապելու:

Առայժմ հայտնի չէ, թե արդեն գործող 48 ավագ դպրոցները քանի աշակերտ են ունենալու: Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում պետք է լինի 25-30 սովորող: Ուսուցումը նախատեսվում է իրականացնել տարբեր ուղղություններով' ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական, հումանիտար, տնտեսագիտական և այլն:

Աշակերտներն ու նրանց ծնողները,սակայն,այս հարցում էլ են թերահավատ:

«Մեկ է, նորից պետք է պարապեմ, այդ ի՞նչ գիտելիքներ պետք է ստանամ, որ բավարարի համալսարան ընդունվելուն, ես չեմ հավատում դրան»,- ասաց 15-ամյա Տաթեւիկ Սարգսյանը:

Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը այնուամենայնիվ, վստահեցնում է, որ ավագ դպրոց հաճախելուց հետո աշակերտները կհասկանան,ո ր այլեւս կրկնուսույցի մոտ գնալու կարիք չկա:

Ի դեպ, միջին հաշվարկով' մեկ առարկա կրկնուսույցի մոտ պարապելու համար աշակերտը ամսական վճարում է 25-30 հազար դրամ:

http://www.a1plus.am/am/social/2009/08/28/high-school

Comments