Չափորոշիչները օգտագործել չի կարելի մերժել (կետադրական նշանները դրեք ինքներդ)


Ցանկացած աշխատանք պատվիրատու ունի։ Սովորելը այդպիսի աշխատանք է։ ԵՎ լավ է սովորում այն մարդը, ով ինքն է իր սովորելու պատվիրատուն։ Բայց դա միայն անհրաժեշտ պայմանն է։ Պարտադիր է սովորել իմանալը։ Մինչև չիմանաս սովորել, դու չես կարող սովորել այն, ինչ ուզում ես սովորել տվյալ ժամանակահատվածում։ Բլումը ասում է, որ նույն նյութը տարբեր մարդիկ յուրացնում են տարբեր արագությամբ։ Ամենադանդաղ սովորողին պահանջվող ժամանակից հետո բոլորը իմանում են այդ նյութը հավասարապես։ Բայց սովորողը չունի այդքան ժամանակ։ Նա շտապում է սովորել, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը արագ հնանում է։ Պետք է արագ սովորել և հասցնել սովորածը կիրառել։ Հակառակ դեպքում պետք է նորը սովորել։ Նորը սովորում ես նույնիսկ, երբ հինը ճիշտ ժամանակին սովորել էիր։ Պարզապես այդ ժամանակ դու հասցնում ես սովորածդ օգտագործել։ Կան ծույլ մարդիկ, որ ասում են ինչու՞ սովորել, եթե որոշ ժամանակ հետո նորը պետք է սովորել։ Այդ մարդիկ վտանգված են և եթե դպրոցական տարիքի են պետությունը նրանց օգնում է հաղթահարել իրենց ծուլությունը։ Օգնում է, որ հետո պետությունը ավելի ուժեղ դառնա։ Որովհետև գրագետ քաղաքացի ունեցող պետությունը ավելի հզոր է։ Հզոր է ոչ միայն ռազմական առումով։ Հզոր է նրա տնտեսությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը։ Լավ են ապրում այդ երկրի քաղաքացիները։
Պետությունը ստեղծել է կրթական համակարգ հզորանալու համար։ Այդ կրթական համակարգի առաջ դնում է զարգացման իր պահանջները։ Բայց իրատեսական պահանջները։
Բնության օրենքները նկարագրում են մեր կյանքը ամբողջությամբ։ Ֆիզիկան ունի ոսկե կանոն։ Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։ Սա նշանակում է, եթե քո առաջ դնում ես մեծ նպատակներ, ապա շատ աշխատանք պետք է կատարես։ Կամ եթե գիտես տրված ժամանակում որքան աշխատանք ես կարող կատարել, ապա պետք է դրա չափով քո առաջ նպատակներ դնես։ Քո հիմնական նպատակին ուշ կհասնես, բայց անպայման կհասնես։
Կրթության համակարգի առաջ դրած նպատակները պետք է լինեն հավակնոտ, բայց հիմնված աշխատանքը կատարելու ընդունակության վրա։ Այս նպատակների հիման վրա ստեղծվում է դպրոցի առաջ դրված պետական պահանջը՝ չափորոշիչը։ Չափորոշիչ, որի պահանջները խիստ են, առաջանցիկ, բայց իրատեսական։ Դու գիտես, որ այդ պահանջները կատարելու համար դպրոցները ունեն բավարար պայմաններ և միջոցներ, ուսուցիչները ունեն բավարար գիտելիքներ և կարողություններ։ Կամ այդ պահանջները կատարելու համար դպրոցները կապահովես բավարար պայմաններով և միջոցներով, ուսուցիչներին կտաս անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ։
Չափորոշչային պահանջները կատարելու համար ուսուցիչներին անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ տալու համար ժամանակ է պահանջվում։ Փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ են այն վերապատրաստումները, որոնք ամբողջ տարվա ընթացքում կրկնվում են մեկ կամ երկու շաբաթ պարբերությամբ և սեմինարների միջև ընկած հատվածում ուսուցիչները փորձում են կիրառել իրենց սովորածը։ Կիրառելը արդյունավետ կազմակերպելու համար ուսուցիչները պետք է ստանան այդ հատվածի սովորածը կիրառելու ուղեցույցներ։ Պարզ ուղեցույցներ և գործիքներ։
Ցավոք այդքան ժամանակ և նյութական, մարդկային ռեսուրսներ չունենք։ Այդպիսի դեպքերում շատ արդյունավետ է վերապատրաստումների ցանցային եղանակը։ Ամեն դպրոցից ընտրվում է ուսուցիչ, ով մեթոդական իմաստով հեղինակություն է դպրոցում։ Նրան հիմնավոր և արդյունավետ վերապատրաստելով ունենում ենք չափորոշչի մասնագետ ամեն դպրոցում։ Այդ դեպքում հնարավոր է լինում խնայել որոշակի միջոցներ, որը ուղղում են դպրոցների չափորոշչային մասնագետների աշխատանքի վարձատրությանը և նրանք ամբողջ տարվա ընթացքում վերապատրաստվում են իրենք և միաժամանակ վերապատրաստում են իրենց դպրոցի ուսուցիչներին։ Դառնում են իրենց դպրոցի չափորոշչային մենթոր։ Մասնագետ, ով որակյալ հետադարձ կապ կարող է ապահովել չափորոշչի հեղինակներին։
Այս եղանակը մի կողմից նոր չափորոշիչներով աշխատել է սովորեցնում շատերին և կարճ ժամանակում և մյուս կողմից դպրոցներում ստեղծվում է մեթոդապես ուժեղ կենտրոն՝ ցանցային կառավարման տարր։
Որպեսզի չափորոշիչները լինեն հեշտ կիրառելի, անկախ իրենց հավակնոտ ու մեծ առաջընթացի տեսլականի պատճառով բարդության, այն պետք է լինի չափելի և արտացոլվի առարկայի ծրագրում և դասագրքի մեջ։ Արտացոլվի այնպես, որ առարկայի ծրագրի ամեն թեմայի նկարագրության մեջ լինի այդ թեմայի չափորոշչային պահանջը նկարագրող ենթավերնագիր։ Դասգրքի պարագրաֆի տեքստում առանձնացվի այն նյութը, որը յուրացնելով աշակերտը կսովորի չափորոշչային պահանջին համապատասխան գիտելիք, կարողություն և պարագրաֆի վերջում տրվող հարցերով ստուգի իր կողմից չափորոչային պահանջները յուրացնելու փաստը։ Ինքը աշակերտը կարողանա ինքնուրույն ստուգի իր սովորածը, որ սովորի նաև վերահսկել իր սովորածի որակը։ Այդպիսի ծրագիրը և դասագիրքը կօգնի ուսուցչին ճիշտ պլանավորել իր դասը և իրականացնել ուսուցանող գնահատում ստուգելու համար կատարե՞լ է արդյոք չափորաշչային պահանջները։ Դա կօգնի նաև դպրոցի տնօրենին գնահատել իր ղեկավարած դպրոցում չափորոշչային պահանջների կատարումը։
Շատ գործ ունենք անելու։ Բայց սկզբից պետք է ճիշտ կետադրենք։

Չափորոշիչները օգտագործել չի կարելի մերժել

Comments