Ինչպե՞ս և ինչու՞ զարգացնել վերջնարդյունքները


Հարգելի գործընկերներ,

Այսօր պայմանավորվում ենք միասին գնահատել՝ արդյոք մեր դպրոցի տարրական դասարաններում սովորող երեխաների մոտ ձևավորվել և զարգացե՞լ է հետևյալ կարողությունը․
սովորողը մտքերն արտահայտելիս կարողանում է

  • բերել պարզ հիմնավորումներ,
  • կատարել ընդհանրացումներ,
  • կատարել պարզ դասակարգումներ։

Սա հանդիսանում է կրթական վերջնարդյունք, և ինչպես բազմիցս նշել եմ, վերջնարդյունքները դիտարկվում են ոչ թե որպես մեկ հմտություն, այլ որպես կարողությունների ամբողջություն։ Մասնավորապես, տվյալ վերջնարդյունքը բաժանվում է երեք կարողության․

  1. պարզ հիմնավորումներ բերել,
  2. ընդհանրացումներ կատարել,
  3. պարզ դասակարգումներ անել։

Այս երեք կարողությունները պետք է սկսել զարգացնել արդեն առաջին դասարանից, և մենք պետք է հստակ պայմանավորվենք՝ ինչպե՞ս ենք դրանք գնահատելու։

Առաջին դասարանում գնահատումը իրականացվում է ուսումնասիրման միջոցով, որի ընթացքում տնօրենը, տնօրենի տեղակալը, մեթոդմիավորման նախագահը և դասվարը համատեղ որոշում են գնահատման ձևաչափը՝ հարցազրույց, առաջադրանքներ, դիտարկում և այլն։

Գնահատման արդյունքում՝

  • եթե կարողությունը զարգացած է դասարանի սովորողների մեծ մասի մոտ, նշանակում ենք 3,
  • եթե զարգացած է միջին մակարդակով (մոտավորապես դասարանի կեսի մոտ), նշանակում ենք 2,
  • եթե զարգացած է միայն փոքր մասի մոտ, նշանակում ենք 1։

Սրանք այն կանոններն են, որոնց շուրջ պայմանավորվել ենք։ Աղյուսակում նշվում են թե՛ կարողությունները, թե՛ համապատասխան դասարանները։

Ենթադրենք՝ կատարում ենք ուսումնասիրություն առաջին դասարանում և պարզվում է, որ երեք կարողություններից յուրաքանչյուրն էլ ձևավորված է միայն սովորողների մի մասի մոտ։ Այս պարագայում յուրաքանչյուր կարողությանը տալիս ենք 1 միավոր։

Այս դեպքում ի՞նչ քայլեր պետք է իրականացնենք դպրոցում։
Մեթոդմիավորումը պետք է հավաքվի և արձանագրի, որ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված տվյալ՝ 7-րդ վերջնարդյունքը առաջին դասարանում բավարար մակարդակով չի ապահովվել։ Դրանից հետո անհրաժեշտ է պարզել պատճառները՝ կազմակերպելով դասալսումներ, քննարկումներ, վերլուծություն։

Իրականում սա բավականին լուրջ խնդիր է, որովհետև երբ մարտ ամիսն արդեն ավարտվում է, մենք ունենում ենք միայն ապրիլ և մայիս ամիսները սխալների շտկման համար։ Սա, ցավոք, շատ տարածված իրավիճակ է մեր կրթական իրականության մեջ։

Ժամանակը հետ տալ չենք կարող, ուստի պետք է աշխատենք տվյալ իրավիճակում հնարավոր առավելագույն արդյունքի հասնելու համար։ Մանկավարժների թիմով մտածում ենք՝ ինչպես գոնե միջին մակարդակով կարողանանք զարգացնել այդ կարողությունները։

Մայիսի վերջում կրկին կատարում ենք գնահատում և արձանագրում ենք, որ պարզ հիմնավորումների մասով հասել ենք միջին մակարդակի․ սովորողների մոտ կեսը կարողանում է հիմնավորել իր ասածը։ Սակայն ընդհանրացումների և պարզ դասակարգումների կարողությունները դեռևս չեն զարգացել։

Ամռանը մենք միասին նախապատրաստում ենք հաջորդ ուսումնական տարին, մշակում ենք ռազմավարություն, որպեսզի երկրորդ դասարանում կարողանանք ավելի հետևողական աշխատել այդ կարողությունների զարգացման ուղղությամբ։

Սեպտեմբերից սկսում ենք նպատակային աշխատանք, կրկին կատարում ենք գնահատում և տեսնում ենք, որ կրկնությունների հաշվին վերականգնել ենք նախորդ տարվա մակարդակը․ արդեն երկրորդ դասարանում սովորողների կեսը կարողանում է միջին մակարդակով բերել պարզ հիմնավորումներ։ Սակայն ընդհանրացումների և դասակարգումների կարողությունները դեռևս առաջին մակարդակում են։

Այս փուլում տարրականի դասավանդման մասնագետները ներգրավվում են գործընթացին, ներկայացնում մեթոդներ և աջակցում դասվարին։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում մենք հետևում ենք դասապրոցեսին՝ աջակցելով, բայց չճնշելով, որովհետև խնդիրը համընդհանուր է։

Նոյեմբերին իրականացված ստուգումների արդյունքում տեսնում ենք, որ սովորողները արդեն սկսում են կատարել ընդհանրացումներ։ Առաջին կիսամյակի ավարտին ունենք զգալի առաջընթաց․

  • հիմնավորումներ՝ միջին մակարդակ,
  • ընդհանրացումներ՝ միջին մակարդակ,
  • դասակարգումներ՝ դեռևս ոչ բավարար։

Երկրորդ կիսամյակի ընթացքում պարզ հիմնավորումների կարողությունը զարգանում է դասարանի մեծ մասի մոտ, սակայն ընդհանրացումների և դասակարգումների մասով դեռ խնդիրներ կան։

Երրորդ տարում երեխաները հասունանում են, ավելի շատ կարդում ենք, վերլուծում ենք, կրկնում ենք անցածը։ Սեպտեմբերի վերջում գնահատման արդյունքում նկատում ենք, որ չնայած որոշ մոռացություններ կան, արդեն հասցրել ենք ապահովել երրորդ մակարդակը։ Առաջին կիսամյակի ավարտին ընդհանրացումների կարողությունը նույնպես հասնում է բարձր մակարդակի։

Չորրորդ դասարանում կրկին իրականացվում են նպատակային կրկնություններ, և ի վերջո կարողանում ենք զարգացնել նաև պարզ դասակարգումների կարողությունը։ Արդյունքում՝ չորրորդ դասարանում երեք կարողություններն էլ ապահովվում են բավարար մակարդակով։

Սակայն պատկերացրեք մեկ այլ սցենար․ եթե այդ ամբողջ գործընթացը չիրականացվեր, և մենք միայն չորրորդ դասարանում, հաշվետվություն լրացնելիս, առաջին անգամ գնահատեինք այս կարողությունները, կարձանագրեինք, որ սովորողների միայն կեսն է կարողանում հիմնավորել, իսկ ընդհանրացումներ ու դասակարգումներ կատարում են շատ քչերը։ Այդ դեպքում ուղղելու համար ժամանակ պարզապես չէինք ունենա։

Այս պարագայում սովորողները կանցնեին հինգերորդ դասարան՝ չձևավորված կարևոր կարողություններով, ինչը լուրջ խնդիրներ կառաջացներ հիմնական դպրոցի ուսուցիչների համար։

Ուստի ուզում եմ շեշտել՝ այս վերջնարդյունքների ապահովումը չափազանց բարդ չէ։ Մեր ուսուցիչները տիրապետում են դասավանդման մեթոդներին և ռազմավարություններին։ Եթե առաջին դասարանում ընդամենը մեկ ուսումնասիրություն իրականացվեր (45–90 րոպեի շրջանակում), խնդիրը կարձանագրվեր ժամանակին և առանց ավելորդ ծանրաբեռնվածության կհաղթահարվեր։

Արդյունքում դպրոցը կկարողանար հիմնավորված կերպով ապացուցել, որ սովորողների կարողությունները ձևավորվում և զարգանում են փուլ առ փուլ։

Այս պահին, սակայն, հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքը դեռ լիովին չենք ապահովել։ Այդ պատճառով կոչ եմ անում ձեզ՝ հարգելի գործընկերներ, առաջին, երկրորդ և երրորդ դասարաններում այժմ իրականացնել այս ուսումնասիրությունը։ Մի հետաձգեք այն ապագային։

Ձեզ մաղթում եմ հաջողություն, խնդրում եմ չհուսահատվել։ Այս աշխատանքը լիովին իրագործելի է և իրական արդյունք է տալիս։

Comments

Popular posts from this blog

ՈՒԴԱՏՊ հաշվետվություն 3: Առաջին դիտարկումներ

ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց

Ինչպե՞ս ապահովել սովորողների ուշադրությունը դասին և հասկանալ՝ ինչ են նրանք իրականում սովորել

Կարողունակություններ: Վերջնարդյունքների զարգացումը