ՈՒԴԱՏՊ 4: Նախնական արդյունքեր
Մայիսի 31-ին ավարտվում է ՈՒԴԱՏՊ 4-ի հաշվետվությունների ներկայացման ժամկետը։
Նախնական տպավորությունը դրական է․ հաշվետվությունների բովանդակությունը, ուսումնասիրությունների և վերլուծությունների որակը նկատելիորեն բարելավվել են, իսկ հիմնավորումները դարձել են ավելի համոզիչ։
Շնորհավորում եմ։
Ընդհանուր առմամբ ունենք լավ հաշվետվություններ։ Հունիսի ընթացքում նախատեսում եմ տնօրենների հետ կազմակերպել հարցազրույցներ՝ լավագույն փորձը բացահայտելու, հաջողության պատճառները հասկանալու և այդ փորձը տարածելու նպատակով։
Միաժամանակ, ցավոք, դեռևս առկա են որոշ թերություններ։ Սակայն վստահ եմ, որ դրանք ժամանակի ընթացքում կշտկվեն, և մենք միասին կաշխատենք դրանց վերացման ուղղությամբ։
Ստորև ներկայացնում եմ այն հիմնական խնդիրները, որոնք արձանագրվել են նախնական դիտարկումների ընթացքում։
Հիմնական դիտարկումներ և խնդիրներ
Հարցերի անհամապատասխան կամ մասնակի պատասխաններ
Հաշվետվություններում հաճախ հանդիպում են պատասխաններ, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում հարցի պահանջներին կամ միայն մասամբ են անդրադառնում դրանց։
Օրինակ՝ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում իրականացված ՆԴՎ-ներից անհրաժեշտ էր ընտրել մեկը, սակայն ներկայացվել են մեկից ավելի ՆԴՎ։Չափազանց ընդարձակ թեմաներ և մակերեսային իրականացում
ՆԴՎ թեմաները հաճախ չափազանց լայն են՝ փաստացի ներառելով մի քանի ուսումնասիրություն։
Արդյունքում՝ մեծածավալ աշխատանքի պայմաններում ՆԴՎ-ն իրականացվում է մակերեսորեն, ինչը ակնհայտ է դառնում արդյունքների ներկայացման ժամանակ։Օրինակ՝ «Բնագիտական առարկաների դասավանդման ուսումնասիրություն 10-11-րդ դասարաններում, լաբորատոր աշխատանքների կազմակերպման վիճակի ուսումնասիրություն» թեմայով ՆԴՎ-ի դեպքում, «Ներկայացրեք ընտրված ՆԴՎ արդյունքները» առաջադրանքին տրված պատասխանը եղել է ընդհանրական՝ առանց թվային տվյալների, օրինակների, արձանագրված հաջողությունների կամ խնդիրների։
Սա տպավորություն է ստեղծում, որ ՆԴՎ-ն կամ իրականացվել է մակերեսորեն, կամ չի իրականացվել։
Ամենապարզ ՆԴՎ-ի ընտրություն որպես լավագույն փորձ
Հաճախ ընտրվում է «Էլեկտրոնային մատյանի ստուգում» թեման, ինչը, որպես կանոն, ամենապարզ ՆԴՎ-ն է։
Եթե դպրոցը որպես լավագույն օրինակ ներկայացնում է հենց այն, ապա առաջանում է մտահոգություն ընդհանուր ՆԴՎ-ների որակի վերաբերյալ։ Նույնիսկ այս թեմայի դեպքում արդյունքները ներկայացվում են ընդհանրական ձևով՝ առանց կոնկրետ թերությունների նշման, առանց դրանց պատճառների վերլուծության, առանց հստակեցնելու, թե որ դասարաններում կամ առարկաներում են խնդիրները առավել հաճախ հանդիպում, առանց ցուցադրելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել դրանց շտկման ուղղությամբ։Արձանագրությունների բացակայություն
Դպրոցներում հաճախ չեն պահպանվում մատյանների ստուգման արձանագրությունները, ինչի հետևանքով տնօրենը չի կարողանում արտաքին գնահատման ընթացքում՝- ապացուցել, որ ստուգումը իրականացվել է,
- ներկայացնել արձանագրված խնդիրները,
- ցույց տալ դրանց վերացման ընթացքը։
Վերոնշյալ խնդիրները կարող են բացասաբար բնութագրել տնօրենի աշխատանքը։
Խնդրում եմ ցուցաբերել առավելագույն ուշադրություն։ Դեռ ժամանակ կա անհրաժեշտ շտկումներ կատարելու համար։

Comments
Post a Comment