Ինչպես կազմել դասի պլան ԱԲ օգնությամբ
Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։
Երկար ժամանակ չէինք հանդիպել։ Այսօր ես ձեզ ներկայացնելու եմ պաշարների շտեմարանում տեղադրված մի շարք նյութեր, որոնք պետք է ձեր ուշադրությունը գրավեն։
my.emis.am հարթակում դուք արդեն ստացել եք կամ շուտով կստանաք, իսկ ով դեռևս չի տեսել, ապա տեղեկացնեմ, որ OpenAI կազմակերպության կողմից տրամադրված արհեստական բանականության հրաշալի գործիքը հասանելի է ձեր my.emis.am հարթակում։ Վերևի ձախ անկյունում կարող եք տեսնել ChatGPT-ն և սեղմելով համապատասխան կոճակը՝ անմիջապես մուտք գործել ու աշխատել այդ հարթակում։
Իհարկե, ուսուցիչները այդ հարթակից արդյունավետ օգտվելու համար պետք է ունենան որոշակի հմտություններ, որպեսզի լավ արդյունքներ ստանան։ Քանի դեռ այդ հմտությունները զարգանում են, մենք որոշել ենք ստեղծել արհեստական բանականության որոշ գործիքներ, որոնք կարող եք տեսնել պաշարների շտեմարանում։
Պաշարների շտեմարանում արդեն ունենք նոր բաժին, որը կոչվում է «Արհեստական բանականություն»։ Այն ներառում է երկու այլ բաժին։ «Գործիքներ» բաժնում կտեսնեք արհեստական բանականության հետ աշխատելու հմտություններ զարգացնող դասընթացներ։ Իսկ «Արհեստական բանականությունը դպրոցում» բաժնում տեղադրված են արհեստական բանականությանը վերաբերող տարբեր նյութեր, հրահանգներ ԱԲ-ին։
Եկեք ընտրենք «Արհեստական բանականության հրահանգներ ուսուցիչների համար» բաժինը։ Այստեղ կտեսնեք վեց ուղեցույց, որոնք պատրաստվել են ձեզ համար։ Առաջինը, որը ցանկանում եմ ներկայացնել, դասի պլան կազմելու հրահանգն է։
Իրականում մենք փորձել ենք լուծել ուսուցչի հիմնական խնդիրներից մեկը՝ դասի պլան կազմելը։ Դրա համար անհրաժեշտ է արհեստական բանականությանը տալ հստակ հրահանգներ։ Քանի դեռ ուսուցիչները նոր են զարգացնում այդ հմտությունները, մենք ստեղծել ենք պատրաստի հրահանգ, որը կոչվում է «Դասի պլան կազմելու հրահանգ»։
Այս հրահանգն ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ։ Նախ, այն համապատասխանում է մեր չափորոշիչների պահանջներին, առարկայական ծրագրերի առանձնահատկություններին, վերջնարդյունքների և գնահատման պահանջներին։ Այդ պատճառով այն տարբերվում է այն հարթակներից, որոնք պարզապես ունիվերսալ դասի պլաններ են կազմում աշխարհի ցանկացած դպրոցի համար։
Հրահանգը նաև հաշվի է առնում ձեր դասարանի առանձնահատկությունները։ Քանի որ յուրաքանչյուր դասարան ունի իր յուրահատկությունները, դուք կարող եք նույն թեմայի համար ստեղծել տարբեր դասի պլաններ՝ համապատասխան յուրաքանչյուր դասարանի կարիքներին։
Դասի պլանի հրահանգը ներբեռնում եք PDF ձևաչափով, որպեսզի պատահաբար որևէ փոփոխություն չանեք։ Այնուհետև մուտք եք գործում արհեստական բանականության հարթակ և PDF ֆայլը կցում զրույցին։ Սովորաբար զրուցարանում կա ֆայլ կցելու հնարավորություն՝ պլյուսի կամ ամրակի նշանի տեսքով։
Կարճ ասած, դուք կցում եք հրահանգը արհեստական բանականությանը և գործարկում այն։ Դրանից հետո արհեստական բանականությունը սկսում է ձեզ հարցեր տալ։ Հնարավոր է հարցերը ներկայացվեն հերթականությամբ, կամ միանգամից ամբողջ ցուցակով։ Եթե ստանաք հարցերի ամբողջական ցանկը, կարող եք այն պատճենել Word փաստաթղթի մեջ և յուրաքանչյուր հարցի դիմաց գրել ձեր պատասխանը։ Խորհուրդ է տրվում պատասխանները գրել հնարավորինս մանրամասն։
Դրանից հետո կամ ամբողջ փաստաթուղթը, կամ դրա բովանդակությունը տեղադրում եք ChatGPT-ի զրույցում և գործարկում։ Համակարգը կծանոթանա ձեր պատասխաններին, կհամոզվի, որ ամբողջ տեղեկատվությունը ստացել է, այնուհետև ձեզ ցույց կտա, թե ինչ է հասկացել ձեր պատասխաններից։
Եթե տեսնում եք, որ ամեն ինչ ճիշտ է ընկալել, հաստատում եք դա։ Եթե նկատում եք սխալ հասկացած հատվածներ, ուղղումներ եք կատարում։ Դրանից հետո համակարգը սկսում է ստեղծել ձեր դասի պլանը։
Այժմ անդրադառնանք այն հարցերին, որոնք կարող են տրվել։ Օրինակ՝ կհարցնի, թե ինչ առարկա եք դասավանդում, ինչ տեսակի դաս է նախատեսված, նոր թեմայի մեկնարկ է, թե թեմայի ավարտ։ Կհարցնի դասարանի առանձնահատկությունների, աշակերտների քանակի, նրանց գիտելիքների և կարողությունների մասին։
Շատ կարևոր է լինել հնարավորինս անկեղծ։ Որքան ճշգրիտ տեղեկություններ տրամադրեք, այնքան ավելի համապատասխան պլան կստանաք։ Եթե նշեք, որ սովորողները դժվարություններ ունեն ընթերցանության մեջ, համակարգը կառաջարկի համապատասխան մեթոդներ և մոտեցումներ։ Եթե նշեք, որ դասարանը բարձր առաջադիմություն ունի և կարող է լուծել բարդ խնդիրներ, պլանն էլ համապատասխանաբար ավելի բարդ և խորացված կլինի։
Համակարգը նաև կհարցնի, թե շաբաթվա որ օրն է անցկացվում դասը, որերորդ ժամն է այն, ինչպես նաև ինչ դասից հետո են սովորողները գալիս ձեր դասին։ Այս տեղեկությունները նույնպես կարևոր են, քանի որ ազդում են սովորողների ուշադրության, հոգնածության և աշխատունակության վրա։
Եթե դասարանում կան վարքային կամ կարգապահական առանձնահատկություններ, կարևոր է նշել նաև դրանք։ Այդ դեպքում արհեստական բանականությունը կկարողանա առաջարկել իրավիճակին համապատասխան լուծումներ։ Այդ տեղեկատվությունը մնում է ձեր և համակարգի միջև, և օգնում է ստանալ առավել կիրառելի դասի պլան։
Երբ ամբողջ տեղեկատվությունը տրամադրեք, գործարկեք համակարգը։ Այն կվերլուծի ձեր պատասխանները և կստեղծի դասի պլան։ Ստացված պլանը ներբեռնում եք ձեր համակարգչի մեջ և կատարում այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ եք համարում։
Հիշեք, որ դասի իրական տերը և հեղինակը դուք եք։ Արհեստական բանականությունը չի փոխարինում ուսուցչին։ Այն ընդամենը դառնում է ուսուցչի օգնականը դասի պլանավորման գործընթացում։
Մենք նաև տեքստային բացատրությամբ ընդգծել ենք, որ դասի պատասխանատուն հենց ուսուցիչն է, և տեղադրել ենք տեսաուղեցույց, որտեղ քայլ առ քայլ ներկայացված է ամբողջ գործընթացը։ Տեսանյութի ձայնը և որոշ հատվածներ գեներացվել են արհեստական բանականության միջոցով։
Հուսով եմ՝ այս նյութը ձեզ օգտակար կլինի։ Այստեղից կարող եք գործարկել տեսաուղեցույցը, ծանոթանալ ամբողջ գործընթացին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։
Ձեզ հաջողություն եմ մաղթում այս աշխատանքում և հուսով եմ, որ դասի պլանավորման բարդ գործընթացը այս հրահանգի օգնությամբ կդառնա ավելի հեշտ։
Comments
Post a Comment