Նոր ուսումնական տարվա ՈՒԴԱՏՊ հաշվետվությունների մասին
Դպրոցի արձանագրությունները՝ ձևական փաստաթղթից դեպի իրական կառավարման գործիք
Դպրոցի տարեկան աշխատանքային պլանը պարզապես տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկ չէ։ Այն պետք է ապահովի հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների իրականացումը, սովորողների ուսումնառության վերջնարդյունքների ապահովումը և դպրոցի առջև դրված խնդիրների լուծումը։ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են ուսումնական հաստատությունների համար, իսկ կրթական ամբողջ գործընթացը պետք է ուղղված լինի սահմանված կարողունակությունների և վերջնարդյունքների ձևավորմանը։
Սակայն պլան ունենալը դեռ բավարար չէ։ Կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս է դպրոցը իրականացնում այդ պլանը, ի՞նչ արդյունքներ է ստանում, ի՞նչ խնդիրների է բախվում և ինչպե՞ս է արձագանքում դրանց։
Այստեղ առանձնահատուկ նշանակություն են ստանում դպրոցի երկու կարևոր փաստաթղթեր՝ առարկայական մեթոդական միավորումների նիստերի և մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունները։
Արձանագրությունը կատարված աշխատանքի «հետքն» է
Դպրոցում իրականացվող աշխատանքների մի զգալի մասը քննարկվում և ամփոփվում է մեթոդական միավորումներում, իսկ համապատասխան հարցերը կարող են տեղափոխվել նաև մանկավարժական խորհրդի քննարկման դաշտ։
Այս պատճառով արձանագրությունը չպետք է ընկալել պարզապես որպես նիստի անցկացումը հաստատող փաստաթուղթ։
Լավ կազմված արձանագրությունը պետք է հնարավորություն տա հասկանալու՝
ի՞նչ հարց է ուսումնասիրվել,
ինչո՞ւ է այն ուսումնասիրվել,
ի՞նչ տվյալներ և փաստեր են հավաքվել,
ի՞նչ խնդիրներ են բացահայտվել,
ո՞ւմ կամ ո՞ր դասարաններին են դրանք վերաբերում,
ի՞նչ պատճառներ են բացահայտվել,
ի՞նչ լուծումներ են առաջարկվել,
ի՞նչ որոշումներ են ընդունվել,
ո՞վ է պատասխանատու դրանց իրականացման համար,
ի՞նչ ժամկետ է սահմանվել,
և վերջապես՝ ի՞նչ արդյունք է տվել միջամտությունը։
Այսպիսի արձանագրությունը դառնում է ոչ թե արխիվային թուղթ, այլ դպրոցի կառավարման և զարգացման գործիք։
Դա համապատասխանում է նաև տնօրենի գործող գործառույթների տրամաբանությանը. տնօրենը պլանավորում է դպրոցի աշխատանքը, իրականացնում է վերահսկողություն ուսումնադաստիարակչական գործընթացի, սովորողների առաջադիմության և դասավանդման որակի նկատմամբ, համակարգում է մեթոդական միավորումների աշխատանքը, ղեկավարում մանկավարժական խորհուրդը և ապահովում դպրոցում գործածվող փաստաթղթերի վարումն ու պահպանումը։
Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ ինֆորմատիվ արձանագրություններ
Եթե արձանագրության մեջ գրված է միայն՝
«Քննարկվեց սովորողների առաջադիմության հարցը։ Որոշվեց աշխատանք տանել առաջադիմության բարձրացման ուղղությամբ»,
իրականում գրեթե ոչինչ հայտնի չէ։
Ո՞ր սովորողների մասին է խոսքը։
Ո՞ր առարկաներից։
Ի՞նչ դժվարություններ են արձանագրվել։
Ինչո՞վ են դրանք բացատրվում։
Ի՞նչ է արդեն արել ուսուցիչը։
Ի՞նչ արդյունք է ստացել։
Ի՞նչ լրացուցիչ աջակցության կարիք կա։
Եթե այս տեղեկատվությունը բացակայում է, արձանագրությունն իրական կառավարչական արժեք գրեթե չի ստեղծում։
Մինչդեռ սովորողների գնահատման գործող համակարգն ինքնին կառուցված է այլ տրամաբանությամբ։ Ձևավորող գնահատման նպատակը յուրաքանչյուր սովորողի կամ դասարանի ձեռքբերումները, դժվարություններն ու բացթողումները բացահայտելն է՝ ուսուցման և ուսումնառության գործընթացը բարելավելու համար։ Ուսուցչի և սովորողի միջև հետադարձ կապի միջոցով պետք է բացահայտվեն դժվարությունները և դրանց հիման վրա որոշվեն ուսուցման անհրաժեշտ հարմարեցումներն ու փոփոխությունները։
Հետևաբար դպրոցի կառավարման փաստաթղթերում նույնպես պետք է տեսանելի լինի այդ շղթան՝
տվյալ → խնդիր → պատճառ → միջամտություն → արդյունք → հաջորդ քայլ։
Խնդիրը թաքցնելը դպրոցին չի պաշտպանում
Դպրոցներում երբեմն առկա է հասկանալի զգուշավորություն՝ սեփական դժվարությունների մասին խոսելու հարցում։
Արձանագրությունները կազմվում են չափազանց ընդհանուր ձևակերպումներով։ Չեն նշվում կոնկրետ դժվարությունները, երբեմն նաև այն սովորողները կամ մանկավարժական իրավիճակները, որոնց հետ կապված անհրաժեշտ է մասնագիտական միջամտություն։ Արդյունքում ստեղծվում է «անվտանգ» փաստաթուղթ, որտեղ գրեթե ամեն ինչ դրական է, աշխատանքներն իրականացվել են, հարցերը քննարկվել են, հանձնարարականները տրվել են։
Բայց այդպիսի փաստաթուղթը դպրոցին չի օգնում։
Ավելին՝ այն փակում է օգնություն ստանալու ճանապարհը։
Եթե կրթության կառավարման համապատասխան օղակը չի տեսնում խնդիրը, այն չի կարող հասկանալ՝ դպրոցին ինչ աջակցություն է անհրաժեշտ։ Չի կարող ժամանակին առաջարկել մեթոդական աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն կամ այլ միջամտություն։
Երբեմն դպրոցում ամիսներով պահպանվող խնդրի լուծումը կարող է բավական մոտ և պարզ լինել։ Բայց դրա համար նախ խնդիրը պետք է տեսանելի դառնա։
Ուստի խնդրի արձանագրումը պետք է ընկալել ոչ թե որպես դպրոցի թերության հրապարակում, այլ որպես կառավարման հասունության ցուցիչ։
Հանրակրթության մասին օրենքն էլ պետական քաղաքականության սկզբունքների շարքում ամրագրում է հանրակրթության որակի շարունակական բարելավումը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը։
Անուններ չեն պետք «մեղավորներ» գտնելու համար
Կոնկրետ տեղեկատվության պահանջը չպետք է ընկալել որպես մարդկանց նկատմամբ վերահսկողությունը խստացնելու միջոց։
Եթե մասնագիտական քննարկման համար անհրաժեշտ է հասկանալ, թե կոնկրետ որ սովորողն ինչ դժվարություն ունի, այդ տեղեկատվության նպատակը պետք է լինի աջակցությունը, ոչ թե պիտակավորումը։
Նույնը վերաբերում է ուսուցչին։
Եթե որևէ ուսուցիչ դժվարություն ունի, օրինակ, ձևավորող գնահատման, վերջնարդյունքահեն դասի պլանավորման կամ սովորողների տարբերակված ուսուցման հարցում, կարևոր է ոչ թե այդ դժվարությունը թաքցնելը, այլ այն բացահայտելը և համապատասխան մեթոդական աջակցություն կազմակերպելը։
Տնօրենի պաշտոնի գործող նկարագրով էլ տնօրենը պարտավոր է պայմաններ ստեղծել մանկավարժական աշխատողների հմտությունների բարելավման համար և գնահատել ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը։
Այսինքն՝ լավ կառավարման հարցը ոչ թե՝
«Ո՞վ է սխալվել»,
այլ՝
«Որտե՞ղ ունենք խնդիր, ինչո՞ւ է այն առաջացել և ի՞նչ աջակցություն է անհրաժեշտ այն լուծելու համար»։
Միաժամանակ սովորողների և աշխատողների վերաբերյալ անձնական տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն համապատասխան ծառայողական և մասնագիտական նպատակներով՝ պահպանելով դրա պաշտպանության պահանջները։
Ներդպրոցական վերահսկողությունը նույնպես պետք է փոխվի
Ներդպրոցական վերահսկողության նպատակը հնարավորինս շատ դասալսումներ, ստուգումներ կամ տեղեկանքներ ունենալը չէ։
Դրա նպատակը պետք է լինի տեղեկություն ստանալ դպրոցի իրական վիճակի մասին և այդ տեղեկության հիման վրա բարելավել աշխատանքը։
Տնօրենի պաշտոնի նկարագրով տնօրենը մշակում է ինչպես ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, այնպես էլ ներդպրոցական վերահսկողության պլանը և վերահսկում դրանց կատարումը։
Ուստի, եթե նախարարության կամ կրթության կառավարման այլ օղակի կողմից դպրոցներին առաջարկվում են որոշակի առաջնահերթ ուսումնասիրություններ, դրանք չպետք է մեխանիկորեն ավելացնել դպրոցի արդեն ծանրաբեռնված պլանին։
Պետք է նայել ամբողջ ամսվա աշխատանքային ծանրաբեռնվածությանը և հարցնել.
Ի՞նչն է իսկապես առաջնահերթ։
Ի՞նչ աշխատանքներ կարելի է միավորել։
Ի՞նչը կարելի է տեղափոխել այլ ամիս։
Ի՞նչը կարելի է ընդհանրապես չանել, եթե այն իրական արժեք չի ստեղծում։
Դպրոցի լավ պլանը ամենածավալուն պլանը չէ։
Լավ պլանն իրատեսական և իրականացվող պլանն է։
Եթե ամսվա համար նախատեսված աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ դրանք հնարավոր է իրականացնել միայն ձևականորեն, անհրաժեշտ է ոչ թե գերլարել դպրոցը, այլ օպտիմալացնել պլանը։
Վերջնարդյունքները պետք է դառնան դպրոցի աշխատանքի իրական կողմնացույցը
Հանրակրթության պետական չափորոշիչը հստակ սահմանում է, որ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե կրթական աստիճանի ավարտին սովորողն ինչ պետք է իմանա, հասկանա և կարողանա անել, իսկ վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
Սա նշանակում է, որ դպրոցական վերահսկողության գլխավոր հարցերից մեկը աստիճանաբար պետք է դառնա ոչ թե միայն՝
«Ուսուցիչը ծրագիրը կատարե՞լ է»,
այլ նաև՝
«Սովորողները հասնո՞ւմ են նախատեսված վերջնարդյունքին»։
Եվ եթե չեն հասնում՝
«Որտե՞ղ է դժվարությունը և ի՞նչ ենք փոխում մեր աշխատանքում»։
Այս փոփոխությունը կարող է էապես փոխել թե՛ մեթոդական միավորումների, թե՛ մանկավարժական խորհրդի նիստերի բովանդակությունը։
Արհեստական բանականությունը՝ որպես կառավարման օգնական
Առաջիկա կարևոր հնարավորություններից մեկը արհեստական բանականության գործիքների կիրառումն է դպրոցի կառավարման և մանկավարժական աշխատանքի կազմակերպման մեջ։
Դրանք կարող են օգնել, օրինակ՝
գնահատել ամսական աշխատանքային պլանի ծանրաբեռնվածությունը,
բացահայտել կրկնվող կամ միմյանց համընկնող աշխատանքները,
առաջարկել ամսվա աշխատանքի ավելի իրատեսական կառուցվածք,
կազմել կոնկրետ աշխատանքի իրականացման մանրամասն սցենար,
վերլուծել վերջնարդյունքը և առաջարկել դրա զարգացման հնարավոր ուղիներ,
կառուցել դիտարկման կամ տվյալների հավաքագրման գործիքներ,
համակարգել ստացված տեղեկատվությունը և նախապատրաստել այն մասնագիտական քննարկման համար։
Սակայն այստեղ կա կարևոր սկզբունք.
արհեստական բանականությունը չպետք է փոխարինի դպրոցի մասնագիտական որոշմանը։ Այն պետք է օգնի այդ որոշումն ավելի տեղեկացված, արագ և հիմնավորված դարձնել։
Վստահությունը ձևավորվում է իրական տեղեկատվության վրա
Դպրոցի և կրթության կառավարման համակարգի միջև արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ է վստահություն։
Այդ վստահությունը չի ձևավորվի մեկ օրում։ Բայց այն չի կարող ձևավորվել նաև այն դեպքում, երբ դպրոցները փորձում են ցույց տալ միայն հաջողությունները, իսկ կառավարման մարմինը դպրոցների իրական խնդիրների մասին տեղեկանում է ուշացած կամ ընդհանրապես չի տեղեկանում։
Մեզ անհրաժեշտ է այլ մշակույթ.
խնդիրը բացահայտելը թուլություն չէ,
խնդիրը ճիշտ նկարագրելը կառավարման կարողություն է,
աջակցություն խնդրելը ձախողում չէ,
իսկ խնդրի լուծման ընթացքը փաստագրելը՝ կազմակերպության սովորելու կարողության ապացույց է։
Այդ պատճառով մեթոդական միավորման և մանկավարժական խորհրդի արձանագրությունները պետք է աստիճանաբար վերածվեն դպրոցի կազմակերպական հիշողության։
Դրանցից պետք է հնարավոր լինի տեսնել դպրոցի ճանապարհը՝
ինչ խնդիր ուներ → ինչ ուսումնասիրեց → ինչ պարզեց → ինչ որոշեց → ինչ փոխեց → ինչ արդյունք ստացավ։
Այդ դեպքում արձանագրությունն այլևս չի լինի պարզապես պարտադիր փաստաթուղթ։
Այն կդառնա դպրոցի ինքնաճանաչման, զարգացման և պետության կողմից ժամանակին ու հասցեական աջակցություն ստանալու կարևոր գործիք։
Եվ գուցե հենց այստեղից է սկսվում կառավարման մշակույթի ամենակարևոր փոփոխություններից մեկը՝ դպրոց, որը չի վախենում տեսնել իր խնդիրները, որովհետև գիտի՝ խնդիրը տեսնելը դրա լուծման առաջին քայլն է։
Պաուլո Ֆրեյրեն ասում էր. «Կրթությունը փոխում է մարդկանց, մարդիկ փոխում են աշխարհը»։
Շնորհակալ եմ համագործակցության, վստահության և միասնական աշխատանքի համար:
Comments
Post a Comment