Առարկայական մեթոդական միավորման նիստի սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու ուղեցույց
Ուղեցույցը գտնվում է ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում:
Այս հրահանգը նախատեսված է առարկայական մեթոդական միավորման նիստի մանրամասն, գործնական, մասնակցային և արդյունքահեն սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու համար։ Դրա հիմքում այն մոտեցումն է, որ ՄՄ նիստը պետք է լինի ոչ թե նախագահի զեկուցման և պատրաստի որոշումների հաստատման, այլ ուսուցիչների համատեղ մասնագիտական ուսումնառության, խնդիրների լուծման և որոշումների կայացման հարթակ։
Հրահանգը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․
Նախագահը քննարկման կազմակերպիչ և ֆասիլիտատոր է։ Նա չի ներկայացնում բոլոր հարցերի պատրաստի պատասխանները, այլ օգնում է անդամներին ուսումնասիրել խնդիրը, արտահայտել տարբեր կարծիքներ և հանգել հիմնավորված որոշման։
Քննարկումը սկսվում է փաստից կամ իրական խնդրից։ Հնարավորության դեպքում օգտագործվում են տվյալներ, սովորողների աշխատանքներ, դասավանդման օրինակներ, վերահսկողության արդյունքներ և այլ ապացույցներ։
Օրակարգը նախնական նախագիծ է։ Մինչև հաստատվելը այն լրացվում և վերանայվում է՝ հաշվի առնելով նախորդ որոշումների արդյունքները, դպրոցի տարեկան պլանն ու տնօրինության հանձնարարականները, ինչպես նաև ՄՄ անդամների առաջարկությունները։
Նիստի հիմնական ժամանակը հատկացվում է մասնագիտական քննարկմանը։ Տեղեկատվական հարցերը հնարավորության դեպքում լուծվում են արագ կամ նախապես, իսկ նիստում առաջնահերթ քննարկվում են համատեղ վերլուծություն, խնդիրների լուծում և որոշում պահանջող հարցերը։
Ապահովվում է բոլոր անդամների մասնակցությունը։ Նախատեսվում են անհատական մտածման, զույգային կամ խմբային աշխատանքի, այլընտրանքային տեսակետների ներկայացման և հիմնավորված քննարկման հնարավորություններ։ Լռությունը չի դիտարկվում որպես համաձայնություն։
Որոշումները պետք է լինեն կոնկրետ և ստուգելի։ Յուրաքանչյուր որոշման մեջ նշվում են գործողությունը, պատասխանատուն, ժամկետը, ակնկալվող արդյունքը և այն վերանայելու ժամանակը։
Պահպանվում է 90 րոպեի առավելագույն սահմանը։ Եթե բոլոր հարցերի որակյալ քննարկումը չի տեղավորվում այդ ժամանակում, դրանք չեն սեղմվում արհեստականորեն, այլ ըստ կարևորության և հրատապության բաժանվում են հերթական ու արտահերթ նիստերի միջև։
ԱԲ-ն նախ գնահատում է տրամադրված տեղեկատվության բավարարությունը։ Բացակայող տվյալները պահանջում է հերթականությամբ՝ հարցնելով միայն այն, ինչ կարող է էականորեն փոխել օրակարգը կամ սցենարը։ Դրանից հետո այն կազմում է յուրաքանչյուր հարցի և ամբողջ նիստի րոպե առ րոպե ընթացքը՝ ներառելով նախագահի խոսքը, քննարկումը բացող հարցերը, մասնակցային մեթոդները, հնարավոր դժվարությունների կառավարումը և որոշումների հետագա ճանապարհը։
Նիստի արդյունավետությունը գնահատվում է ոչ թե քննարկված հարցերի կամ ընդունված որոշումների քանակով, այլ նրանով, թե ինչ մասնագիտական խնդիր է լուծվել, ինչ որոշում է կայացվել և դրա արդյունքում ինչ պետք է փոխվի ուսուցիչների աշխատանքում կամ սովորողների ուսումնառության մեջ։
Comments
Post a Comment