Պաշարների շտեմարանում տեղադրված «ԱԲ-ն դպրոցում» նյութերի մասին
Շտեմարանում մենք ունենք արդեն նոր տարածք, այդ տարածքը կոչվում է արհեստական բանականություն։ Նախկինում այդպիսի հարթակ ունեինք կրթական ՏՀՏ տարածքում, հիմա տեղափոխվել և դարձել է առանձին տարածք։
Արհեստական բանականության բաժինն ունի երկու ենթաբաժին՝ «Արհեստական բանականության գործիքներ», որը նախկինում էլ պաշարների շտեմարանում կար, բայց ընդգրկված էր «Կրթական ՏՀՏ» բաժնում, և «ԱԲ գործիքները դպրոցում» բաժինը։ Սա արդեն մեկ այլ տարածք է, որտեղ մենք ձեզ համար տեղադրում ենք արհեստական բանականությանը տրվող հանձնարարականներ և հրահանգներ, որոնցով առաջնորդվելով՝ արհեստական բանականությունը ստեղծում է դպրոցների ուսուցիչների և վարչական կազմի ներկայացուցիչների համար անհրաժեշտ փաստաթղթեր։
Մասնավորապես, դպրոցի տնօրենները կարող են գնահատել իրենց տարեկան աշխատանքային պլանը, այսպես կոչված ՏԱՊ-ը։ Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի գնահատման համապատասխան հրահանգը ներկայացված է այս ուղեցույցում։ Տեսագրության մեջ ուղեցույցը ներկայացված է, և հրահանգը տրվում է։ Կարող եք ներբեռնել հատուկ հրահանգը, որը ստեղծել եմ PDF տարբերակով, որպեսզի պատահաբար ինչ-որ բան չջնջեք, և հրահանգը սխալ չաշխատի։
Եթե աշխատանքի ընթացքում նկատեք հրահանգի մեջ ինչ-որ խնդիրներ, որոնք ձեզ հուզում են, կարող եք այստեղ գրել ձեր մեկնաբանությունները։ Ինչպես նաև կխնդրեի գնահատել հնգաբալանոց համակարգով։ Կարծեմ այս աստղերը պետք է ընտրեք, որպեսզի ես հասկանամ, թե որքանով եք գոհ։ Ամենայն հարգանքով ձեր բոլորի նկատմամբ, բայց խնդրում եմ գնահատեք ոչ թե ինձ կամ իմ աշխատանքի նկատմամբ հարգանքը, այլ իմ ստեղծած աշխատանքը։ Եթե այդ աշխատանքին մեկ միավոր նշանակեք և ներքևում գրեք ձեր մեկնաբանությունները, ապա ես կհասկանամ, թե ինչ պետք է ուղղեմ։ Նույնը խնդրում եմ անել մյուս պաշարների հետ, որոնք ես տեղադրել եմ։
Հիմա վերադառնանք ընդհանուր հարթակին։ Հաջորդ պաշարը «Դասի նպատակը սովորողներին ներկայացնելու և դեպի հաջողություն տանելու» հրահանգի մասին է։ Այստեղ ստեղծել ենք հրահանգ և շատ մանրամասն ուղեցույց, որը ձեզ կներկայացնի, թե ինչպես պետք է օգտվեք այդ հրահանգից։ Ինչպես տեսնում եք, այն արդեն շուրջ 67 անգամ ներբեռնվել է։ Այստեղ ևս կա գնահատման և մեկնաբանություն թողնելու հնարավորություն։
Երրորդը դասի նպատակի և սովորողների առանձնահատկություններին համապատասխան կենտրոնացման ու ներգրավման առաջադրանքներ մշակելու ուղեցույցն է։ Օրինակ, եթե երեխան գալիս է ֆիզկուլտուրայի դասից ոգևորված, տաքացած և աշխույժ, իսկ դուք ցանկանում եք նոր նյութ բացատրել, այս ուղեցույցը կօգնի հասկանալ, թե ինչ գործողություններ և մեթոդներ կարող են օգնել հաղթահարել այդ խնդիրը։ Այստեղ նույնպես ունենք ներբեռնման նյութ։
Վերադառնանք նորից։ Ունենք ութ պատրաստի ուղեցույց։ Առաջիկայում կլինեն նորերը։ Շատ կարևոր է, որ ձեր մեկնաբանություններում գրեք, թե ինչպիսի հրահանգներ եք ցանկանում տեսնել։ Ընդ որում, նկարագրեք ձեր առաջարկությունները։ Կարող եք գրել ֆեյսբուքյան մեր «Հանրակրթական դպրոց» խմբում, կարող եք նաև Teams-ով ուղղակի ինձ գրել։
Մեթոդմիավորման նիստի սցենարը բավականին լավ գործիք է։ Այն կօգնի ստեղծել մեթոդմիավորման նիստի մանրամասն սցենարը, որպեսզի այն չլինի նիստ, որտեղ բոլոր հարցերի մասին խոսում է միայն մեթոդմիավորման նախագահը և բոլոր հանձնարարությունները տալիս է նա, այլ լինի մասնակցային, ակտիվ և արդյունավետ նիստ։ Խնդրում եմ ուշադիր օգտվել հրահանգից և նկատի ունենալ, որ արհեստական բանականության ստեղծած բոլոր նյութերը ստեղծվում են ձեր գաղափարների և առաջարկությունների հիման վրա։
Այդ նյութը, որը գեներացվում է, իրականում ձեր ստեղծած նյութն է, և դուք վերջում այն կարող եք փոփոխել ձեր հայեցողությամբ։ Նյութը ստեղծում է ուսուցիչը, իսկ արհեստական բանականությունը՝ ուսուցչի գաղափարների հիման վրա։
Հիմա անցնենք ուսումնական նախագծերին։ Ուսումնական նախագծերի հրահանգը և ուղեցույցը մի փոքր առանձնահատուկ են։ Այս աշխատանքը միայն ուսուցիչը չի կատարում։ Ուսուցիչը, հաշվի առնելով ծրագրի, դպրոցի առանձնահատկությունները և նախարարության պահանջները, ստեղծում է ուսումնական նախագծերի թեմաներ։ Աշակերտներն ընտրում են այդ թեմաներից մեկը։ Դրանից հետո ուսուցիչը և տվյալ թեման ընտրած աշակերտները միասին համակարգչի առաջ արհեստական բանականությանը տալիս են համապատասխան հրահանգը։
Այս հրահանգն արդեն շուրջ 54 անգամ ներբեռնվել է։ Ծրագիրը մշակելու համար արհեստական բանականության տված լրացուցիչ հարցերին պատասխանում է ոչ թե ուսուցիչը, այլ սովորողները։ Այստեղ ծրագրի ստեղծողները սովորողներն են։ Ուսուցիչը նրանց օգնում է, խորհուրդ տալիս, ուղղորդում։ Արդյունքում, երբ գեներացվում է ուսումնական նախագծի ծրագիրը, այն ստեղծված է լինում երեխաների գաղափարների հիման վրա, իսկ ուսուցիչը հանդես է գալիս որպես ուղղորդող։
Եթե ունեք առաջարկություններ, խնդրում եմ ներքևում գրեք։ Նշեմ նաև, որ նախագծի տեսանյութը, իմ կարծիքով, բավականին լավ է ստացվել։ Եթե այլ կարծիք ունեք, խնդրում եմ այդ մասին նույնպես գրեք։
Հաջորդը Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) վերջնարդյունքների զարգացման մասին է։ Նախարարությունը պահանջում է, որ դպրոցը զարգացնի վերջնարդյունքները, սակայն երբեմն դժվար է հասկանալ, թե ինչպես դա անել։ Այս հրահանգը կօգնի ձեզ՝ արհեստական բանականության հարցերին պատասխանելով գտնել կամ մշակել այն մեթոդները, որոնց միջոցով կարող եք զարգացնել այս կամ այն վերջնարդյունքը։
Եթե հարցեր ունենաք, խնդրում եմ զանգահարեք կամ գրեք։ Մենք միասին կքննարկենք։
Շատերն են խոսում հայտորոշիչ գնահատման մասին և հարցնում՝ ինչ անել, ինչպես անել։ Ահա այս հրահանգը կօգնի ձեզ։ Պարզապես պետք է պատասխանել հարցերին, նկարագրել, թե ինչ դասարանի, ինչ թեմայի մասին է խոսքը, ինչպիսին են աշակերտները։ Պետք է հնարավորինս անկեղծ լինել։ Եթե աշակերտներն ունեն դժվարություններ, գիտելիքների պակաս կամ այլ առանձնահատկություններ, դրանց մասին նույնպես պետք է նշել։
Այդ տեղեկատվությունը կմնա ձեր և արհեստական բանականության միջև, իսկ արհեստական բանականությունը ձեզ կտրամադրի գործողությունների ուղեցույց, դասի պլան և հայտորոշիչ գնահատման նյութ, որը կհամապատասխանի թեմային, չափորոշիչներին և տվյալ աշակերտների իրական մակարդակին։
Վերջինը դասի պլան կազմելու հրահանգից օգտվելու ուղեցույցն է։ Կարծում եմ՝ սա ամենաշատ օգտագործվող գործիքներից կլինի։ Այս հրահանգի միջոցով կարող եք ստեղծել ցանկացած առարկայի և ցանկացած տիպի դասի պլան։ Սակայն կրկին նշեմ՝ հրահանգը ստանալուց հետո արհեստական բանականությունը ձեզ հարցեր կտա, և դուք պետք է հնարավորինս մանրամասն պատասխանեք, որպեսզի այն լավ հասկանա ձեր կարիքները և ստեղծի համապատասխան արդյունք։
Այսպիսով, նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի դպրոցներն իրենց աշխատանքները կազմակերպելիս ապահովեն որակ և օգտվեն այն գործիքներից, որոնք այսօր հասանելի են մեզ։
Դուք բոլորդ ստացել եք ձեր համար նախատեսված հաշիվները։ Դրանք տեղադրված են դպրոցներում և նախատեսված են ուսուցչական կամ համակարգչային կենտրոններում օգտագործելու համար։ Ուսուցիչները կարող են այդ հաշիվներով մուտք գործել և օգտվել համակարգից։ Պարզապես անհրաժեշտ է կազմակերպել, թե ով, երբ և ինչպես է օգտվելու դրանցից։
Մինչև դուք կսովորեք ինքնուրույն գրել հրահանգներ, մենք արդեն պատրաստել և տեղադրել ենք մի շարք հրահանգներ, որոնք քիչ առաջ ներկայացրեցի։ Օգտվեք դրանցից, մասնակցեք «ԿՏԱԿ»-ի պաշարների շտեմարանին, այցելեք «Արհեստական բանականություն» բաժինը, ինչպես նաև «ԱԲ գործիքներ» ենթաբաժինը։
Այստեղ տեղադրված են բազմաթիվ ուսումնական նյութեր և դասընթացների նյութեր, որոնց միջոցով կարող եք սովորել օգտվել արհեստական բանականությունից։
Մաղթում եմ հաջողություններ։
Comments
Post a Comment